watchOS 11-ը առողջությանն ու ակտիվությանը հետևելու նոր գործառույթներ ունի

0

WWDC 2024-ի շնորհանդեսի շրջանակում Apple-ը ներկայացրել է watchOS 11-ի՝ ընկերության խելացի ժամացույցների օպերացիոն համակարգի թարմացումը, որում մարդու ակտիվությանը և առողջության ցուցանիշներին հետևելու նոր գործառույթներ կան։

Vitals հավելված

Vitals-ը նոր հավելված է, որը հետևում է առողջ քնի նախապայման հանդիսացող հիմնական ցուցանիշներին, ներառյալ քնի տևողությունը, սրտի հաճախությունը, շնչառությունը, արյան մեջ թթվածնի մակարդակը և մարմնի ջերմաստիճանը դաստակում: Եթե նորմայից ​​շեղում է նկատվում երկու կամ ավելի ցուցանիշում, ապա հավելվածը կտեղեկացնի այդ մասին։ Նշվում է, որ դա կարող է վկայել հիվանդության կամ կենսական այլ գործընթացների խախտման մասին։

Հղիության հետագծում

Health հավելվածը կներառի հղիության հետագծման բաժին, որն ամեն ամիս օգտատիրոջը կհիշեցնի, որ անհրաժեշտ է հոգեկան առողջության գնահատում անցնել։ Դա կօգնի պաշտպանվել մարմնում արագ փոփոխությունների պատճառով դեպրեսիայի զարգացումից: Վերլուծելով մարդու քայլելու վերաբերյալ տվյալները՝ հղիության երրորդ եռամսյակում հավելվածը կզգուշացնի քայլելու ընթացքում ընկնելու ռիսկի մասին։

Ակտիվության օղակներ

Ակտիվության օղակները (Activity rings) հնարավոր է հարմարեցնել և շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար սահմանել ակտիվության տարբեր նպատակներ: Օրինակ՝ հանգստյան օրերին կարելի է սահմանել նվազագույն արժեքներ, որպեսզի հանգստանաք՝ առանց ձեր ակտիվության ցուցանիշները շատ վնասելու։ Բացի դրանից՝ կարելի է ընդմիջում վերցնել ցանկացած ժամանակահատվածով, ինչը օգտակար է հատկապես այն դեպքերում, երբ մարդը վնասվածքներ է ստացել կամ երկար արձակուրդ է գնացել։

iPhone-ի Fitness հավելվածը հնարավոր է կարգավորել այնպես, որ այն ցույց տա ակտիվության և մարզումների վերաբերյալ տվյալները: Այսինքն՝ օգտատիրոջը միշտ հասանելի կլինի համապատասխան և արդի տվյալներ։

Մարզվելուց հետո կարող եք գնահատել ծանրաբեռնվածության մակարդակը մեկից տասը սանդղակով: Կարդիո վարժությունների որոշ տեսակների համար հասանելի կլինի ավտոմատ գնահատման ռեժիմ՝ հիմնվելով մարզման ընթացքում հավաքված տեղեկությունների վրա:

Ցիֆերբլատներ

watchOS 11-ը կունենա ժամացույցի ցիֆերբլատի խմբագրիր, որը դիզայնով հիշեցնում է iPhone-ի կողպէկրանի խմբագրիչը: Օգտատերերը ժամացույցի համար կկարողանան օգտագործել լուսանկարներ, ֆիլտրեր և տարբեր տառատեսակներ։

Վիդջեթների ցանկում կհայտնվի խելացի թղթապանակ, որը կվերլուծի օգտատերերի ակտիվությունը և կառաջարկի ամենահարմար վիջեթները։

Leave A Reply

Your email address will not be published.