Apple-ը Siri-ում հեղափոխական փոփոխություններ կանի
Apple-ը նախատեսում է հեղափոխական փոփոխություններ անել գեներատիվ արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող Siri օգնականում և այդ մասին կհայտարարի WWDC 2024 ծրագրավորողների ամենամյա համաժողովի ժամանակ, որը կանցկացվի հունիսի 10-ից 14-ը, այս մասին հայտնում է The New York Times-ը։
Աղբյուրի տվյալներով՝ նոր Siri-ն կունենա հարցումները և համատեքստը հասկանալու բարելավված հնարավորություններ, ինչպես նաև կսովորի փոխազդել համացանցից ստացված տվյալների հետ, ինչպես հանրահայտ ChatGPT չատբոտը: Բացի դրանից՝ այն կկարողանա վերլուծել և հասկանալ բոլոր մուտքային տեքստային հաղորդագրություններն ու ծանուցումները:
Ըստ The New York Times-ի՝ Apple-ի գործադիր տնօրեն Քրեյգ Ֆեդերիգին և ընկերության ԱԲ-ի և մեքենայական ուսուցման բաժնի փոխնախագահ Ջոն Ջաննանդրեան անձամբ են փորձարկել ChatGPT-ն և հասկացել, որ շուկայում մրցունակ մնալու համար անհրաժեշտ է արդիականացնել Siri-ին։
Նոր Siri-ի գլխավոր առավելություններից մեկը կլինի դրա ուժեղացված գաղտնիությունը: Apple-ը նշում է, որ հարցումների մեծ մասը կմշակվի անմիջապես սարքի վրա և չի ուղարկվի ամպ, ինչը դրանք էլ ավելի ապահով կդարձնի:
Բացի դրանից՝ պարբերականը նշում է, որ ընկերությունը նախատեսում է ավելացնել ապագա iPhone 16 մոդելների օպերատիվ հիշողությունը, որպեսզի Siri-ին և լեզվական մեծ մոդելների հարակից հնարավորությունները հնարավորինս լավ աշխատեն։