Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել
Մինչ Met Gala-ին ներկայանալը, դերասանուհի Ջեսիկա Բիլը բացահայտել է կարմիր գորգին պատրաստվելու իր բացառիկ «բաղադրատոմսը»՝ անգլիական աղով լոգանքը:
TikTok-ում հրապարակված տեսանյութում դերասանուհին, ով Նյու Յորքում կայացած աստղային միջոցառմանն ապշեցրել էր Թամարա Ռալֆի վարդագույն զգեստով, ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվում աղով լոգանք ընդունել:
«Որքան կարող եք տաք ջուր լցրեք, եւ միջոցառմանը նախորդող գիշերը 30 րոպեով լոգանք ընդունեք»,-կիսվել է նա,- «Տոննաներով ջուր խմեք եւ շուտ քնեք»,-հավելել է դերասանուհին։
Որո՞նք են անգլիական աղով լոգանքի առավելությունները
Անգլիական (Epsom) աղը, որը նաեւ հայտնի է որպես մագնեզիումի սուլֆատ կամ լոգանքի աղ, պարունակում է մագնեզիում, որն ունի մի շարք առողջական առավելություններ, ներառյալ լավ քունը եւ բորբոքման նվազեցումը: Ասում են, որ Epsom աղերով լողանալը նվազեցնում է մկանային ցավն ու բորբոքումը եւ նպաստում է մաշկի թուլացմանն ու փափկեցմանը: Որոշ բժիշկներ այն խորհուրդ են տալիս նաեւ որպես ամենօրյա ցավերի համար պարզ եւ բնական միջոց:
«Հայտնի է, որ Epsom աղով լոգանքը կարող է օգնել թուլացնել ցավը մկաններում եւ հանգստացնել»,-Yahoo Life-ին ասել է բժիշկ Լորա Փուրդին: «Epsom աղով լոգանքների մեկ այլ ենթադրյալ առավելությունը մաշկի մեջ մագնեզիումի կլանումն է: Մագնեզիումը կարեւոր հանքանյութ է, որը նպաստում է ընդհանուր առողջությանը, հատկապես ուղեղի եւ սրտի լավ աշխատանքին, քնի որակին եւ մկանների թուլացմանը, ինչպես նաեւ՝ կարող է օգնել նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը»:
Այնուամենայնիվ, այս պնդումները հաստատելու համար բավարար գիտական ապացույցներ չկան: Չկան վերջնական ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ մագնեզիումը կարող է ներծծվել մաշկի միջոցով:
Ոմանք պնդում են, որ Epsom աղով լոգանքը կարող է օգնել նիհարել: Այնուամենայնիվ, Փուրդին ասում է, որ Epsom աղերով լողանալուց հետո արտաքին տեսքի կամ մարմնի քաշի ցանկացած նկատելի փոփոխություն ավելի շատ պայմանավորված կլինի աղի եւ տաք ջրի համակցության ջրազրկող ազդեցության հետ:
«Հայտնի է, որ անգլիական աղով լոգանքները նվազեցնում են այտուցը եւ հեռացնում տոքսինները մարմնից: Այս գործոնները կարող են ազդել քաշի կառավարման վրա»,-նշել է նա,-«Ոչ մի ապացույց չկա, որ Epsom աղով լոգանքները արդյունավետ են քաշի կորստի համար, բայց տաք լոգանք ընդունելը կարող է ստիպել ձեզ քրտնել եւ, ի վերջո, կալորիաներ այրել»:
Բիլը, օրինակ, նշել է, որ լոգանքի ջուրը տաքացրել է այնքան, որքան հնարավոր էր, ինչը Փուրդի խոսքով՝ կհանգեցներ քրտնարտադրության եւ ջրազրկման: Հարկ է նշել, որ դերասանուհու օգտագործած 20 ֆունտ Epsom աղերը զգալիորեն ավելի շատ են, քան բժիշկների եւ փորձագետների կողմից առաջարկված 2 բաժակները:
Սոցցանցերի որոշ օգտատերեր Բիլի մեթոդն անվանել են «անառողջ եւ թունավոր»: Այլ մեկնաբաններ կիսվել են իրենց սեփական փորձով:
Գրանցված դիետոլոգ Էմիլի Վան Էքը ասում է, որ կարեւոր է, որ մարդիկ Բիլի բանաձեւը չընդունեն որպես գործողության ուղեցույց: «Դա, միանշանակ, կարող է վնաս պատճառել: Որքան շատ եք օգտագործում հնարավորինս նիհար լինելու հնարքներ, այնքան մեծանում է ուտելու խանգարման զարգացման ռիսկը»: