«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)
Շվեդիայի Մալմյո քաղաքում այսօր կայացել են «Եվրատեսիլ 2024»-ի մրցութային փորձերը: Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը եւս կատարել է «Ժակո» երգի իր առաջին փորձը, որի լուսանկարները հայտնվել են «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ինստագրամյան էջում:
Կադրերում երեւում է, որ խմբից հայտնի Ժակլին Բաղդասարյանին եւ Լուի Թոմասին միացել են նաեւ «Լադանիվա»-ի մյուս անդամները, որոնք բեմում հայտնվել են սպիտակ հանդերձանքով:
Ժակլինը կրում է սպիտակ երկարաթեւ տոպ, որի ուսերը, պարանոցն ու թեւքերը զարդարված են կարմիր կտորով: Վերնազգեստը համադրված է շերտավոր մինի շրջազգեստով, որը լրացված է արծաթագույն եւ կարմիր գոտիով: Կերպարը հայկական են դարձրել խոշոր արծաթյա զարդերը, իսկ մազերը երգչուհին ոճավորել է երկու հյուսքերով՝ ինչպես տեսահոլովակում է:
Հավելենք, որ Հայաստանի ելույթի բեմադրության հեղինակը Արթուր Մանուկյանն է, որը նաեւ «Ժակո» տեսահոլովակի ռեժիսորն է:
«Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։