Նույնիսկ համաձայնեցված սահմանը չի ապահովելու ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն. Արա Այվազյան

0

Հայաստանի համար իսկապես շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, երբ արտաքին գործոնները եւ արտաքին դերակատարներն են ազդում մեր որոշումների կայացման վրա: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր դիվանագետների  ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

«Հետեւաբար, այաստանի կործանարար զարգացումները կանխելու համար անհրաժեշտ է դիվանագիտական ճիշտ ռազմավարություն մշակել ու ներկայացնել:

Մենք ոչ թե կլոր-սեղաններ ենք անում, այլ մեր մասնագիտական փորձի հիման վրա, համատեղելով գիտությունն ու արվեստը, միտքն ու փորձը, մեր հանրությանը ներկայացնելու ենք մեր պատկերացումը, թե այս իրավիճակում ինչպես պետք է շարժվել, ինչ արտաքին քաղաքականություն որդեգրել:

Արտաքին քաղաքականությունը երկու մասից է բաղկացած՝ բովանդակություն եւ իրականություն: Եթե բովանդակություն չկա, մնացածն ուղղակի շարժումներ են:

Այն, ինչ մենք ենք առաջարկում, ոչ թե ևս մեկ հարթակ ստեղծելու ու քննադատելու մասին է, այլ՝ ցույց տալու այս իրավիճակից դուրս գալու ճանապահը՝ դիվանագիտական ասպարեզում»,- նշեց նա։

Արա Այվազյանը ցավով նկատեց, որ ուժային քաղաքականությունը դարձել է միջազգային հարաբերությունների գերիշխող միջոց:

«Մենք հասկանում ենք, որ միջազգային իրավունքն ընտրովի է գործում, հասկանում ենք, որ յուրաքանչյուր դերակատար, որը շահագրգռված է այս տարածաշրջանում, հետապնդում է իր սեփական շահերը՝ շատ անգամ դրանք «փաթեթավորելով» գեղեցիկ հայտարարություններով»,- ասաց նա։

Այվազյանի խոսքով՝ Հայաստանը պետք է առաջնորդվի միմիայն իր շահերով։

«Նույնիսկ համաձայնեցված սահմանը չի ապահովելու ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն, հակառակը՝ մեր կենսական տարածքները,  անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են ու ճանապարհ են բացում ապագա ագրեսիվ գործողությունների համար»,- ընդգծեց ԱԳ նախկին նախարարը։

Leave A Reply

Your email address will not be published.