Հայ գիտնականը 100 տարի անց հայ և ճապոնացի ժողովուրդների պատմության նոր էջեր է բացահայտում (ֆոտո)

0

Լույս է տեսել տնտեսագիտության թեկնածու, միջազգայնագետ-ճապոնագետ Աննա Վարդանյանի «Տոկեի Մարու․ ճապոնական նավի հետագծով» գիրքը, որի նպատակն է ընթերցողին փոխանցել 1922 թվականի սեպտեմբերին Զմյուռնիայի քրիստոնեաբնակ թաղամասերի հայ և հույն բնակչության բնաջնջման ժամանակ ճապոնական «Տոկեի Մարու» նավի խիզախ նավապետի մարդասիրական վարմունքը։ Գրքում զետեղված են հույն անիմատոր, միևնույն թեմայի հետազոտող, «Տոկեի Մարու» հունալեզու գրքի հեղինակ Զախոս Սամոլադասի անիմացիոն պատկերները: Գրքի խմբագիրն է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Թեհմինե Մարտոյանը։

Հեղինակը թեմայի առնչությամբ հետազոտությունները կատարել է Հունաստանի, Ճապոնիայի արխիվներում, այնուհետև դիմել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, որտեղ էլ սկսել է համագործակցել թեմայի գիտակ Թեհիմնե Մարտոյանի հետ։

«Տոկեի Մարու․ ճապոնական նավի հետագծով» գրքի շնորհանդեսի, հայ-ճապոնական բարեկամության, առնչությունների և այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է միջազգայնագետ-ճապոնագետ, տ․գ․թ. Աննա Վարդանյանի հետ:

Ի՞նչն է հիմք հանդիսացել նման թեմայով ուսումնասիրության համար, ո՞րն է իրականացված հետազոտության նպատակը:

Ի սկզբանե իմ առջև որևէ հատուկ նպատակ չեմ դրել։ Ամեն ինչ սկսվել է պատակահան դիպվածից, երբ առաջին անգամ տեսա Զմյուռնիայի նավահանգստում խարիսխ գցած ճապոնական նավի լուսանկարը։ Ես հետազոտող եմ, հայ-ճապոնական հարաբերությունների ձևավորման և զարգացման երկար տարիների անմիջական հետևորդ և մասնակից, և ես չէի կարող անտարբեր անցնել թեմայի կողքով, հատկապես, երբ պարզեցի, որ հայկական կողմին գրեթե ոչինչ հայտնի չէ այդ նավի վերաբերյալ։ Չիմացության գործոնը իմ մեջ ծնեց անասելի հետաքրքրություն զբաղվելու այս թեմայով։

Կատարված ուսումնասիրության արդյունքում ի՞նչ նոր փաստեր են ստացվել Հունաստանում և Ճապոնիայում, որոնք արժեքավոր նշանակություն ունեն:

Կցանկանամ նշել կարևոր հանգամանք, որ առաջին անգամ է հայկական կողմից խորը ուսումնասիրություն կատարվել սույն թեմայի առնչությամբ, մինչ այդ եղել են հունական և ճապոնական կողմից ուսումնասիրություններ, որոնք մինչ օրս էլ շարունակվում են, սակայն հայկական աղբյուրներում կար տեղեկություն, որ առկա է լուսանկար և որոշ հայեր փրկվել են «Տոկեի Մարու» նավով։ Երկրից երկիր, քրտնաջան հետազոտական տարիների աշխատանքի շնորհիվ երևան եկան նոր փաստեր և վկայություններ Զմյուռնիայի հայ բնակչության և նրանց ճապոնական նավով փրկվելու առնչությամբ։ Երևան եկավ տեսագրություն, որում աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը փաստում է, որ իր հայրը փրկվել է ճապոնական նավով և շնորհակալություն է հայտնում ճապոնացի ժողովրդին։ Երևան եկան նաև հունական աղբյուրներից տեղեկություններ ճապոնացի նավապետի անվան շուրջ և թե ինչ բնորոշումներ են տրվել նավապետին։ Ի հայտ եկավ վկայություն, թե ինչպես է հայտնի հայ քամանչահար Ռուբեն Կարախանյանը (Քեմանչիստ Ռուբեն) «Զմյուռնիայի մեծ հրդեհ»-ից  մոտ տասը տարի անց Ճապոնիայում, Դիանա Աբգարի միջնորդությամբ հանդիպել քաջ նավապետի հետ։ Ի դեպ այս պահի դրությամբ նա միակ մարդն է, որը առիթ է ունեցել հանդիպել ճապոնացի նավապետին ողբերգական դեպքից հետո։ Քեմանչիստ Ռուբենի վկայության շնորհիվ լրացում կատարվեց նաև Դիանա Աբգարի կենսագրությանը։ Տիկին Միմի Մալայանը, որը Դիանա Աբգարի ծոռնուհին է և կենսագիրը, հեռավար կապով փաստեց, որ երբևէ չի իմացել Քեմանչիստ Ռուբենի, Աբգարի և «Տոկեի-Մարու» նավապետի միմյանց ճանաչելու փաստի մասին։ Շնորհավորեց ինձ Աբգարի կենսագրությանը նոր լրացում կատարելու համար։ Թեհմինե Մարտոյանն էլ մեծ ներդրում ունեցավ այս հետազոտությունը ամբողջական դարձնելու գործում։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի արխիվներից նա կարողացավ գտնել մի քանի հայերի վկայություններ, որոնք փրկվել են ճապոնական նավով Հայոց ցեղասպանության այս վերջին փուլում։ Համատեղ աշխատանքների արդյունքում ծնվեց Թեհմինեի և իմ գիտական համատեղ հոդվածը, այնուհետև այս գիրքը։ Ընթերցողը նուրույթների պակաս չի ունենա։  

Հետազոտությունից ո՞ր դրվագն է ամենաշատը ձեզ տպավորել, որով կցանկանաք կիսվել։

Ինձ անչափ տպավորել է ճապոնացի նավապետի խիզախությունը և մարդասիրությունը։ Լինելով չեզոք երկրի ներկայացուցիչ, նա չի վախեցել իրեն սպառնացող վտանգի առջև դեմ առ դեմ առերեսվելուց՝ փրկել հարյուրավոր հայերի և հույների։ Նետել իր նավի բարձրարժեք ուղեբեռը ծովը, որպեսզի ավելի շատ քրիստոնյաների կարողանա ընդունել իր նավի տախտակամած։ 

Արդյո՞ք այս ուսումնասիրությունը կարող է հիմք հանդիսանալ հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների զարգացման համար:

Ուսումնասիրությունն արդեն ամուր դիրքավորվել է մեր երկրների, ժողովուրդների համատեղ պատմության էջերում։ Վստահ եմ, անհերքելի իրողությունները էլ ավելի կգնահատվեն մեր սերունդների կողմից։ 

Մինչ գրքի տպագրությունը այս հետազոտությունը երկար ճանապարհ է անցել, քանի որ այն պատմագիտական բացահայտումներ է պարունակում, որոնք որոշեցինք  ներկայացնել պատմաբաններին, ցեղասպանագետներին, դիվանագետներին։ Այս կապակցությամբ 2021 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում կազմակերպված «Տոկեի Մարու. Զմյուռնիայի հայերի և հույների փրկուղին» խորագրով հատուկ միջոցառման ժամանակ բոլոր բացահայտումները ներկայացվեցին։ Միջոցառմանը ներկա էր նաև ժամանակի Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան, Ն․Գ․ Ջուն Յամադան։ Կարելի է ասել, որ հենց այդ պահից սկսած հայ-ճապոնական հարաբերությունները նոր փուլ մտան և դրա վառ վկայությունն է 20212. ապրիլի 24-ին «Տոկեի Մարու» անիմացիոն ֆիլմի ցուցադրումը Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նաև Ճապոնիայի կայսեր ծննդյան կապակցությամբ ժամանակի փոխվարչապետի շնորհավորական ուղերձում ներառված հատվածը, որը ներկայացնում է «Տոկեի Մարու» ճապոնական նավի օրինակը որպես հայ-ճապոնական միջմարդկային սերտ կապերի դրսևորում։

Ինչպե՞ս անցավ գրքի շնորհանդեսը, ձեր սպասելիքներն իրականացա՞ն:

Ապրիլի 12-ին «Էպիգրաֆ» գրախանութում տեղի ունցավ երկար սպասված «Տոկեի-Մարու․ ճապոնական նավի հետագծով» գրքի շնորհանդես-քննարկումը: Միջոցառման հրավերը հանրային էր, ներկա էին և ծանոթ, և անծանոթ մարդիկ, ինչն անչափ հաճելի էր։

Գրքի քննարկմանը պատիվ ունեցանք վայելելու նաև Լիբանանից մեր հատուկ հյուրերի ներկայությունը։ Մեզ հյուրընկալվել էին տիկին Մայտա Անտոնեանը (Բեյրութի հայ տարեցների տան հաշվապահ և պատասխանատու) և Հարություն սարկավագ Հարպոյեանը (Բեյրութի Մխիթարյան վարժարանի կրոնի ուսուցիչ), որը սրտաբուխ ելույթ ունեցավ, հայտնեց իր դրական տպավորությունը և հիացմունքը Թեհմինե Մարտոյանի և իմ  հետազոտական աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ։

Քննարկման ընթացքում առաջին անգամ ներկաների համար ցուցադրվեց հույն անիմատոր Զախոս Սամոլադասի կողմից պատրաստված ֆիլմը, որը ըստ էության գիքի գրախոսությունն էր։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլորին։

Այսպիսով, ի՞նչ է ուսուցանում աշխատությունը, ի՞նչ խորհուրդներ եք ցանկանում փոխանցել սերունդներին։

Ցանկանում եմ ընդգծել այն հանգամանքը, որ ճապոնական նավի խիզախ նավապետի և անձնակազմի մարդասիրական արարքի շնորհիվ է, որ այսօր` ավելի քան հարյուր տարի անց, պատմական հեռավորությունից կարող ենք փաստել, որ յուրաքանչյուր նմանօրինակ քայլ արժանի է դրվատանքի և պետք է թույլ չտալ, որ ժամանակի փոշին մոռացության մատնի այն։

Մեր հետազոտությունները ճապոնական նավի հետագծով դեռ շարունակվում են և ով գիտի, թե որքան նոր բացահայտումներ են դեռ սպասում մեզ։

Leave A Reply

Your email address will not be published.