Մբապե․ Հպարտ եմ, որ ներկայացնում եմ իմ երկրի մայրաքաղաքի ակումբը
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է 4:1 հաշվով հաղթանակը Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։ Մբապեն դարձել է դուբլի հեղինակ։ ՊՍԺ-ն դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Առաջին խաղում փարիզյան թիմը տանը պարտվել էր 2:3 հաշվով։
«Գերազանց թիմային գործողություններով հրաշալի հանդիպում անցկացրինք։ Առաջին հանդիպումից հետո վեց օր աշխատել էինք Բարսելոնայում հաղթանակի հասնելու մտքով։
Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ իմ երկրի մայրաքաղաքի ակումբը։ Ես երազանք ունեմ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը ՊՍԺ-ի հետ։ Կձգտենք հայտնվել եզրափակիչում»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան»։