«Կենդանի» շենքեր. ի՞նչ օգուտ կարող են բերել կանաչ տանիքները և կենդանի պատերը

0

Մարդկանց շրջանում բնապահպանական գիտակցության աճի և կայուն լուծումների հրատապ անհրաժեշտության ֆոնին շատ ճարտարապետներ և ճարտարագետներ վերջին տարիներին սկսել են ավելի ու ավելի ոգեշնչվել բնությունից և բառացիորեն «ներկառուցել» դրա կտորները իրենց ստեղծագործություններում: Այսպես սկսեցին հայտնվել, այսպես կոչված, կանաչ տանիքներով և կենդանի պատերով շենքերը։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում կանաչ տանիքները․ դրանք տանիքներ են, որոնք ծածկված են բուսականության շերտով, հողով և ջրահեռացման համակարգերով: Կենդանի պատերը (նաև կոչվում են ուղղահայաց այգիներ) բաղկացած են պատերի կամ ֆասադների վրա աճեցված բուսականությունից: Ե՛վ կանաչ տանիքները, և՛ կենդանի պատերն առաջարկում են բնապահպանական, սոցիալական և տնտեսական բազմաթիվ առավելություններ, որոնց շնորհիվ դրանք ավելի ու ավելի տարածված են դառնում էկոլոգիապես մաքուր շենքերի նախագծման պրակտիկայում:

Բարելավված մեկուսացում

Բուսականությունը գործում է որպես բնական մեկուսիչ՝ նվազեցնելով ջերմության փոխանցումը տանիքի կամ պատի միջով և դրանով իսկ նպաստելով շենքերի ջեռուցման և հովացման նպատակով էներգիայի սպառման նվազեցմանը: Դրա շնորհիվ այսպիսի շենքերի բնակիչները ավելի քիչ են ծախսում ջեռուցման վրա, ավելին, դա նվազեցնում է ածխաթթու գազի արտանետումները։

Օդի բարելավված որակը

Բույսերը նաև գործում են որպես օդի բնական զտիչներ, որոնք կլանում են աղտոտիչները և ածխաթթու գազը և արտադրում թթվածին: Սա հատկապես օգտակար է քաղաքային վայրերում, որտեղ օդի աղտոտվածությունը կարող է լուրջ խնդիր լինել: Կանաչ տանիքները և կենդանի պատերը կարող են բարելավել օդի որակը ինչպես շենքերի ներսում, այնպես էլ դրսում: Այդ իսկ պատճառով աղտոտված օդ ունեցող քաղաքներում, այդ թվում՝ Երևանում, խորհուրդ է տրվում հնարավորինս շատ կանաչապատված կառուցել շենքեր։

Հեղեղաջրերի կառավարում

Հեղեղաջրերի հեռացման դրենաժային գերբեռնված համակարգերը հաճախ խնդիրներ են առաջացնում քաղաքներում: Կանաչ տանիքները և կենդանի պատերը կարող են հանդես գալ որպես բնական սպունգներ՝ ներծծելով անձրևաջրերը, նվազեցնելով ճնշումը ենթակառուցվածքների վրա և օգնելով կանխել ջրհեղեղները:

Քաղաքային ջերմային կղզու ազդեցության նվազեցում

Սովորաբար քաղաքներում մի քանի աստիճանով ավելի տաք է, քան հարակից շրջաններում: Դրա մեղավորը, այսպես կոչված, քաղաքային ջերմային կղզու էֆեկտն է։ Կանաչ տանիքները և կենդանի պատերն օգնում են մեղմել դա՝ ապահովելով ստվեր և գոլորշիացնելով ջուրը տրանսպիրացիայի միջոցով, որն ունի սառեցնող ազդեցություն:

Այլ առավելություններ

Շենքերի մակերեսի բուսականությունը մեծացնում է կենսաբազմազանությունը՝ ստեղծելով մեղուների և թիթեռների բնակության համար անհրաժեշտ միջավայր: Կարծիք կա նաև, որ նման շենքերի առատությունը դրական է ազդում քաղաքի բնակիչների հոգեվիճակի վրա՝ օգնելով նվազեցնել սթրեսի մակարդակը։ Բացի դրանից՝ կանաչ տանիքներով և կենդանի պատերով շենքերը կարող են էսթետիկորեն ավելի հաճելի լինել՝ պոտենցիալ բարձրացնելով այդ շենքերում անշարժ գույքի արժեքը:

Leave A Reply

Your email address will not be published.