Բարդ, աշխատատար ու նորարարական նախագծերը՝ PROFAL-ի այցեքարտ
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդկային մտքի թռիչքն ու նորարար տեխնոլոգիաներն իրար հաջորդող մոտեցումներ ու միտումներ են բերում տարբեր ոլորտներ ու մի ժամանակ թրենդային համարվող լուծումները փոխարինում նորերով։ Ճարտարապետության և շինարարության ոլորտը, որը մարդկային կենսագործունեության ամենակարևոր բնագավառներից է, ևս անընդհատ փոփոխությունների խաչմերուկում է։ Բնությանն ավելի մոտ, մաքուր ու կանաչ տեխնոլոգիաների կիրառում, կայունության ապահովում, անհատականությունը շեշտադրող դիզայներական տարրեր․ ահա այն միտումները, որոնք թերևս ամենալավն են բնութագրում ժամանակակից տեղական ու միջազգային պահանջարկը։ Ալյումինե դռների ու պատուհանների առաջատար հայկական արտադրող PROFAL ընկերությունը, որն ավելի քան քսան տարի է՝ գործում է տեղական շուկայում, իսկ տասը տարուց ավելի իր արտադրանքն ու ծառայություններն արտահանում է մի շարք առաջատար երկրներ, մշտապես քայլում է նոր միտումներին համահունչ ու փորձում իրականություն դարձնել իր հաճախորդների ամենատարբեր գաղափարները։
PROFAL-ն աշխատում է ոչ միայն խոշոր գործընկերների, այլև անհատ հաճախորդների հետ Հայաստանում և արտասահմանում։ Այս տարիների ընթացքում ընկերությունը հասցրել է իրագործել 30 հազար նախագիծ։ Ընկերության Միջազգային նախագծերի ղեկավար Հովհաննես Աղաջանյանը պատմել է վերջին շրջանում անհատ հաճախորդների համար ընկերության իրականացրած մի շարք նախագծերի մասին, որոնք առանձնացել են իրենց բարդ, աշխատատար ու նորարարական լուծումներով։
Հաճախորդներ-PROFAL աշխատանքները մեկնարկում են, երբ անհատները պատրաստի նախագծով, երբեմն ցանկություններով ու գաղափարներով դիմում են ընկերությանը։ Այստեղ գործի է անցում հմուտ ինժեներական թիմն ու, ընկերության կուտակած փորձը, գործընկերային կապերն ու հնարավորություններն օգտագործելով, մշակում շահագործման համար առավել հարմարավետ, արագ ու որակյալ լուծումներ։
Առանձնատան առաստաղից հատակ ձգվող պանորամային սլայդների ու մեծ դռների տեղադրումը՝ որպես ամենաբարդ նախագծերից մեկը
Վահագնի թաղամասում անհատին պատկանող առանձնատան նախագծի պահանջներն ամբիցիոզ էին։ Բարձր առաստաղներով, ընդարձակ սրահներով, փռված առանձնատուն էր, որտեղ էսթետիկ լուծումներին զուգահեռ անհրաժեշտ էր բավարարել նաև էներգախնայողության պահանջը։ Համայնապատկեր ունենալու ճարտարապետների մտահղացումը կյանքի կոչելու համար օգտագործվել են մեծ ֆորմատի պանորամային սլայդներ՝ 4․1 մետր բարձրությամբ և 2․2-2․4 մետր լայնությամբ։ Առանձնատան ներսում տեղադրված բարձր դռներն էլ հաղորդել են արտիստիկ ոճ։
Այս նախագծի շրջանակում սերտ աշխատանք է տարվել ոչ միայն պատվիրատուի, այլև հումքի մատակարարների հետ, ընկերությունը ստացել է գործընկերների տեխնիկական աջակցությունը։ Մեծ ապակեպատ սրահներում ձմռանը ջերմության, իսկ ամռանը հովացման ապահովման համար հաշվարկվել է
կոնստրուկցիաների ջերմափոխանցման գործակիցը, օգտագործվել են բազմաշերտ ծածկույթով ապակիներ՝ ապահովելով յուրաքանչյուր սահող փեղկի լուսաթափանցելիության և արևային էներգիայի թողունակության ցանկալի պարամետրերը։
Սա լավագույն օրինակներից է, երբ անհատի ցանկությունները դարձել են իրականություն՝ համադրելով ընկերության հնարավորություններն ու մատակարարի տեխնիկական աջակցությունը։
Պրոֆիլների նոր ու բարդ մոդելների կիրառում մեկ վայրում
Առանձնատուն Վահագնի թաղամասում, ուր կար պահանջ տեղադրելու հատուկ մասնագիտացված մուտքի դռներ։ Վերջիններս առանձնացել են իրենց մեծությամբ՝ լայն ու բարձր։ Տեղադրվել են նաև սլայդներ, որոնք ունեին անկյունային դասավորվածություն և առկա էր տեռասի հետ ձուլելու խնդիր։
Ընկերությունը մեծ թվով պրոֆիլային համակարգերով է աշխատում։ Յուրաքանչյուր համակարգ այս կամ այն տիպի կոնստրուկցիոն լուծումներ ստանալու հնարավորություն է տալիս։ Մոտ 40-50 տեսակ համակարգերից է օգտվում ընկերությունը, դրանք լայն հնարավորություն են տալիս պատվիրատուի ցանկացած քմահաճույքն իրագործելու, երբևէ «չէ» բառ չի ասվում, իհարկե, տրամաբանության սահմաններում։ Այս տանը համադրվել են մի շարք նոր համակարգեր։
Կոր՝ թերմոկամրջակով սլայդի լուծումը՝ որպես նորարարություն
Առանձնատուն Մոնումենտում, որտեղ բարդ խնդիրներին լուծումներ են տրվել։ Առկա էին լայն ու բարձր կոնստրուկցիաներ, իսկ առանձնահատուկը ջակուզիի հարակից տարածքում կոր՝ թերմոկամրջակով սլայդի տեղադրումն էր։ Նպատակը ներքին բակի հետ այն ձուլելն էր։ Անհրաժեշտ էր իրականացնել նախապատրաստական աշխատանք, պատրաստել անհրաժեշտ սարքավորումներ, որոնք էլ կծառայեին ինժեներական թիմի առջև դրված նպատակի իրագործմանը։
Ամռանը լողավազան, ձմռանն՝ ընդարձակ տեռաս
Առանձնատուն Ձորաղբյուրում, ուր ընդարձակ լողավազանի ամբողջ պատը պետք էր բացել ու ձուլել հարակից տեռասի հետ։ Հեշտ իրագործելի խնդիր չէր, պետք էր փեղկերը հավաքել, բերել մեկ հատվածում ֆիքսել, որ 12 մետրանոց լողավազանի 10 մետրը հաղորդակցվեր տեռասի հետ։ Բավականին բարդ աշխատանք էր, բայց PROFAL-ի թիմին հաջողվեց իրագործել պատվիրատուի ցանկությունը։
Մոսկվայում առանձնատան նախագիծը՝ հեռավար աշխատանքի լավագույն օրինակներից
Մեծ ու բարձր, լայն կոնստրուկցիաներ, եռաշերտ ապակիներով սլայդներ, երդիկներ, ապակյա մուտքի ծածկեր․ ահա աշխատանքի ծավալը, որ PROFAL-ը ստանձնել է մոսկովյան մի առանձնատանը։ Ընկերության մասնագետները սերտ համագործակցել են ռուս գործընկերների հետ հեռավար, նրանց տված բոլոր խորհուրդները ճշգրիտ տեղայնացվել են շինարարության փուլում, ինչն արագ և որակով կատարված աշխատանքի գրավականներից է։ Այս աշխատանքը կոտրում է կարծրատիպը, թե պարտադիր է գնալ ու տեղում տեսնել, համակարգել աշխատանքները։ Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ու պրոֆեսիոնալ մասնագիտական խմբի ջանքերի՝ հնարավոր է եղել գրագետ ու բարձրորակ աշխատանք կատարել։