Ամերիկաբնակ դաշնակահար Վարդան Օվսեփյանը համերգներով հանդես կգա Երևանում

0

Ճանաչված դաշնակահար Վարդան Օվսեփյանը, որը 1994 թվականից ապրում և ստեղծագործում է արտերկրում, «ԹԻ ԷՄ փրոդաքշն»-ի հրավերով համերգներով կներկայանա Երևանում և կհանդիպի ուսանողների հետ: 


Դաշնակահարը մարտի 26-ին ելույթ կունենա ՀԲԸՄ համերգասրահում թավջութակահար Արտյոմ Մանուկյանի և թմբկահար Կարեն Քոչարյանի հետ «Վարդան Օվսեփյան տրիո»-ով, մարտի 27-ին Օվսեփյանն առաջին անգամ հայրենիքում հանդես կգա մենանվագով. «Վարդան Օվսեփյան-սոլո» խորագրով երեկոն տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ մարտի 30-ին «Վարդան Օվսեփյան տրիո»-ն ելույթ կունենա Տիգրան Ձիթողցյանի «Արտ ստուդիո»-ում:


Վարդան Օվսեփյանն ասում է՝ մարտի 27-ին կայանալիք երեկոյին ազատ իմպրովիզացիա է սպասվում: Հնարավոր է՝ նաև կատարի հայտնի ջազ գործեր, անդրադառնա Միշել Լեգրանին: «Իմպրովիազացիան անմիջական կապ ունի այն մթնոլորտի հետ, որում դու ես. սենյակը, օդը, ունկնդիրը, տրամադրությունը նպաստում են իմպրովիզացիայի ընթացքին ու զարգացումներին»,-հավաստիացնում է երաժիշտը:


Օվսեփյանը պատմում է՝ 1950-ական թվականներին կոմպոզիտոր Գյունտեր Շուլերը հորինել է «Երրորդ հոսանք» տերմինը: «Առաջին երկու հոսանքները «Mainstream» են՝ դասականն ու ջազը, իսկ դրանց միաձուլումը երրորդ հոսանքն է: 1960-1970-ականներից այդ հոսանքը թուլացավ, և քչերն են այն ներկայացնում: ԱՄՆ-ում ավանգարդ երաժշտությունը գերակշռում է»,-նշում է դաշնակահարը, որը հենց այդ «Երրորդ հոսանք»-ը պահպանողներից է:


Նա չի մտածել, թե ինչ գույն ունի  իր երաժշտությունը: Ասում է՝ այն փոփոխական է: «Տարիներ առաջ կարծում էի՝ պասիվ գույներն են գերակշռում, բայց հիմա շատ բան է փոխվել»,-ընդգծում է երաժիշտը:
Օվսեփյանն այժմ ապրում է Լոս Անջելեսում, դասավանդում է Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում (CalArts), սակայն չի կորցնում կապը հայրենիքի հետ: Պարբերաբար վերադառնում է Հայաստան՝ ներկայանալով բազմաբնույթ համերգային ծրագրերով:


2023 թվականին Վարդան Օվսեփյանը մի շարք ելույթներ է ունեցել «Ամառային ջազ արձակուրդները Հայաստանում» նախագծի շրջանակում և մի քանի համերգներով հանդես եկել ոչ միայն Երևանում, այլև Դիլիջանում, Կապանում, Գյումրիյում, Ստեփանավանում և Վանաձորում և վարպետաց դասեր անցկացրել Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում: Այդ տարի Վարդան Օվսեփյանի հետ Հայաստան է այցելել նաև հանրաճանաչ բանդոլինահարուհի Էվա Սքոուն:


«Հայ ունկնդրի հետ հանդիպումն ինձ չի անհանգստացնում: 2008 թվականից երկու կամ երեք տարին մեկ գալիս եմ Հայաստան և չեմ կորցնում կապը հանդիսատեսի հետ: Նախորդ տարվա հուլիսին նաև մարզերում ենք համերգներով հանդես եկել: Ինձ համար առանձնահատուկ է Լոռվա մարզը, քանի որ հայրս լոռեցի է. մանկությունս է այնտեղ անցել»,-պատմում է նա:


Վարդան Օվսեփյանը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Էստոնիայի երաժշտության ակադեմիայում, Հելսինկիի ջազի կոնսերվատորիայում և Բերկլիի երաժշտության քոլեջում։
Վաղ տարիքից հրապուրված է եղել արևմտյան դասական երաժշտությամբ և ջազով: Մշտապես յուրատիպ ուղիներ է փնտրել իր ստեղծագործություններում ու իմպրովիզներում երաժշտական այդ խաչասերումները ներառելու համար։ Արդյունքում՝ 2005 թվականին ձևավորվել է «VOCE» ոչ փոքր կամերային անսամբլը, որը կենտրոնացած է երաժշտական պատմվածքի կինեմատոգրաֆիական մոտեցումների վրա։ Երկար տարիների ընթացքում Օվսեփյանը զարգացրել է ուշագրավ անկյունային երկրաչափական աշխարհ՝ կապված շախմատում իր փորձառության և մինիմալիզմի, ժամանակակից ճարտարապետության հանդեպ ունեցած հետաքրքրվածության հետ, ինչը հանգեցրել է երկու գրքերի հրատարակմանը՝ «Հայելային վարժություններ» («Mirror Exercises», 2011) և «Պերմուտացիոն ուսումնասիրություններ» («Permutation Studies», 2020)։


Մեկ այլ կարևոր իրողություն է Տատյանա Պառայի հետ «Ֆրակտալ սահման» («Fractal Limit») դուետի ստեղծումը, որը միջազգային լայն ճանաչում է ձեռք բերել։ Այդ նախագիծն ի ցույց է դնում Վարդան Օվսեփյանի ուշագրավ տեխնիկական վարպետությունը և բազմաձայն հյուսվածքներ կերտելու հմտությունը։ Բացի «VOCE»-ից և «Fractal Limit»-ից Օվսեփյանը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Միք Գուդրիքը, Փիթեր Էրսքինը, Ջերի Բերգոնզին, Թիմ Միլլերը, Բեն Մոնդերը, Դեյվիդ Բիննին և թողարկել է 20-ից ավելի ալբոմ, այդ թվում՝ նաև որպես առաջատար կատարող։


Վերջին շրջանի պարգևներից են «Fractal Limit»-ին շնորհված առաջին մրցանակը «Achava Jazz Award»-ում (Էրֆուրտ, Գերմանիա, 2017 թ․), Կամերային երաժշտության ամերիկյան դրամաշնորհը «Ջազային նոր ստեղծագործություններ» ծրագրի համար (Նյու Յորք, ԱՄՆ, 2017 թ․), որը ֆինանսավորում է «Դորիս Դյուք» բարեգործական հիմնադրամը։


«Վարդանը բերում է իր սեփական հնչյունը և բաղադրատարրերը: Ես երբևէ չեմ լսել մեկ այլ երաժշտի, որը նման կլինի նրան հարմոնիայի իմացության և մեղեդու ներազդեցության տեսանկյունից: Ենթադրում եմ, որ նա իսկական սենսացիա կառաջացնի»,-ասել է Փիթեր Էրսքինը։    

                               
«Հնարավորություն ունենալով նվագել (և ձայնագրվել) նրա հետ՝ ես կարող եմ միայն ասել, որ նա որակական հատկանիշների մի ամբողջ բազմություն է»,-նշել է Միք Գուդրիքը։

Leave A Reply

Your email address will not be published.