iPhone 16 Pro. նոր մանրամասներ
Apple iPhone 16 Pro-ն, որը կթողարկվի 2024-ի վերջին, կարող է ստանալ տիտանե երկու նոր երանգներ՝ Desert Titanium և Titanium Grey: Այս տեղեկությունը տարածում է MacRumors-ը՝ վկայակոչելով Մաջին Բու (Majin Bu) մականունով հայտնի ինսայդերին։
X (Twitter) սոցցանցի իր էջում արված նոր գրառման մեջ ինսայդերը կիսվել է լուսանկարներով և նշել, որ Desert Titanium-ը նման է iPhone 14 Pro-ի ոսկեգույն տարբերակին, բայց գույնն ավելի խորն է և հագեցած: Ինչ վերաբերում է Titanium Gray-ին, ապա այն, հավանաբար, նման կլինի Space Grey երանգին, որն առաջին անգամ հայտնվեց 2014-ին (iPhone 6):
iPhone 15 Pro-ն թողարկվում մի քանի գույնով՝ Titanium Black, Titanium White, Titanium Blue և Natural Titanium: Այս սերնդի սմարթֆոններում ոսկե երանգ չկա։ Ոսկե երանգները հասանելի էին iPhone 5s-ից (2013) մինչև iPhone 8 (2017), այնուհետև iPhone XS-ից (2018) մինչև iPhone 14 Pro (2022):
MacRumors-ի հոդվածի հեղինակները կարծում են, թե շատ հավանական է, որ iPhone 16 Pro-ն կրկին ոսկե երանգ ստանա: Ըստ նրանց՝ սա iPhone 16 Pro-ի գույների մասին առաջին խոսակցությունն է, և արժե հաշվի առնել, որ Մաջին Բուն Apple-ի ծրագրերի մասին ճշգրիտ տեղեկություն հրապարակելու առումով ոչ միանշանակ համբավ ունի։ Ավելի ճշգրիտ տեղեկություններ կարող են հայտնվել մոտ ապագայում։
Նաև հայտնի է, որ A18 պրոցեսորներով iPhone 16 Pro-ն և Pro Max-ը ավելի տարբեր կլինեն իրենց նախորդներից, քան նախորդ սերնդի որոշ հեռախոսներ. այս սմարթֆոններում կիրառվելիք Apple A18 չիպը կունենա բարելավված NPU՝ արհեստական բանականության նոր գործառույթների համար:
Բացի դրանից՝ iPhone 16 Pro Max-ը կստանա այս շարքի պատմության մեջ ամենամեծ մարտկոցը (հզորությունը՝ 4676 մԱ/ժ) և ինքնավար աշխատանքի առումով կարող է դառնալ առաջատարը iPhone-ի բոլոր մոդելների մեջ։
iPhone 16 Pro-ն և Pro Max-ը կարող են նաև ստանալ մինչև 2 ՏԲ ներկառուցված հիշողություն: Ըստ լուրերի՝ Pro մոդելը կունենա 6,3 դյույմանոց էկրան, իսկ Pro Max-ը՝ 6,9 դյույմանոց: Համեմատության համար նշենք, որ iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ն օգտագործում են համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմանոց էկրաններ:
Հայտնի է նաև, որ Apple iPhone 16-ի և iPhone 16 Plus-ի տեսախցիկի բլոկը և ամբողջ դիզայնը, հավանաբար, կտարբերվեն նախորդ մոդելներից, սակայն, հավանաբար, Pro և Pro Max մոդելների դիզայնում էական փոփոխություններ չեն լինի: