Ի՞նչ պլաստիկ միջամտությունների համար են դիմում տղամարդիկ Հայաստանում
Հայաստանում տղամարդիկ առավել հաճախ դիմում են պլաստիկ վիրաբույժի քթի վիրահատության համար: Բայց տղամարդիկ ընդհանուր դիմողների մեջ շատ չնչին տոկոս են կազմում։ Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց պլաստիկ վիրաբույժ Աշոտ Թորոսյանը։
«Հայաստանում պլաստիկ վիրաբուժական միջամտությունների դիմողների միայն 3-5 տոկոսն են կազմում տղամարդիկ: Հայկական հայտնի արծվաքիթն են ձևափոխում, փոքրացնում, Ալեն Դելոնի քթի նման գեղեցիկ քիթ ստանում»,- ասաց նա։
Բժիշկը դժվարացավ ասել, թե աշխարհում պլաստիկ միջամտության ո՞ր տարբերակն է առավել պահանջված տղամարդկանց շրջանում, քանի որ վերջերս շատացել են նաև սեռափոխության համար իրականացվող վիրահատությունները, որոնք նույնպես պլաստիկ վիրաբուժության տիրույթում են գտնվում:
Կանանց դեպքում պլաստիկ միջամտություններն ավելի բազմազան են՝ ռինոպլաստիկա՝ քթի ձևի փոփոխություն, դեմքի ձգում, բլեֆարոպլաստիկա՝ կոպերի շտկում, մամոպլաստիկա՝ կրծքագեղձերի մեծացում, փոքրացում, ձգում, լիպոսակցիա՝ ճարպերի հեռացում և աբդոմինոպլաստիկա՝ որովայնի ձգում, և այլն: Վերջին շրջանում զգալի մեծացել է մամոպլաստիկա իրականացնողների թիվը:
Վիրաբույժի խոսքով, ամենատարածված երկու վիրահատությունների՝ ռինոպլաստիկայի և մամոպլաստիկայի հետվիրահատական շրջանը մոտ 2 շաբաթ է տևում:
Մամոպլաստիկայի հակացուցումների մասին խոսելով՝ Աշոտ Թորոսյանը նշեց. «Ուռուցքային հիվանդությունների նկատմամբ ժառանգական նախատրամադրվածության կամ տվյալ պահին նման խնդիր ունենալու դեպքում է հակացուցվում մամոպլաստիկա իրականացնել, կարևոր է նաև ընդհանուր առողջական վիճակը: Տարիքային սահմանափակում չկա»:
Վիրաբույժի խոսքով, աշխարհում լայն թափ ստացած բոդի պոզիտիվ շարժումը, որը ենթադրում է, որ մարդը պետք է իրեն սիրի այնպիսին, ինչպիսին, որ կա, և հնարավորինս խուսափի էսթետիկ միջամտություններից, չի հանգեցրել Հայաստանում նման միջամտությունների թվի նվազման:
«Մենք հայերս այնքան հետ ենք նման բաներից: Բայց հասարակության վերաբերմունքն ինչ-որ չափով փոխվել է, ավելի հանդուրժող ենք դարձել միմյանց նկատմամբ: Չենք քննադատում ո՛չ միջամտություն անողներին, ո՛չ էլ չանողներին»,-ասաց պլաստիկ վիրաբույժը: