Բեռլինում աստերոիդ է պայթել. գիտնականներն այն հայտնաբերել են պայթյունից մի քանի ժամ առաջ
Բեռլինի երկնքում հունվարի 21-ի վաղ առավոտյան փոքր աստերոիդ է պայթել, որը տեսանելի է եղել մի քանի կիլոմետր հեռավորությունից: Փոքր աստերոիդները, որոնք հասնում են Երկրի մթնոլորտ, բռնկվում և պայթում են այնտեղ. դա տեղի է ունենում բավականին հաճախ, բայց այս դեպքը հատկանշական է, քանի որ գիտնականները պայթյունից ընդամենը մոտ երեք ժամ առաջ են հայտնաբերել մեր մոլորակ թռչող աստերոիդը: Նման բան պատմության մեջ տեղի է ունենում ութերորդ անգամ։
Աստերոիդը, որն ստացել է 2024 BXI անվանումը, առաջին անգամ հայտնաբերել է աստերոիդների ինքնահռչակ որսորդ Քրիստիան Սառնեցկին, որը Հունգարիայի Կոնկոլի աստղադիտարանի մաս հանդիսացող Պիսկեստետո լեռնային կայանի աստղագետ է: Նա հայտնաբերել է աստերոիդը՝ օգտագործելով աստղադիտարանի Շմիդտի 60 սմ աստղադիտակը, իսկ NASA-ն այնուհետև մանրամասն կանխատեսում է արել, թե որտեղ և երբ կընկնի այն։
Գերմանիայի հյուսիսում գտնվող Լայպցիգ քաղաքում տեղադրված տեսախցիկներից մեկը ուղիղ եթերում ֆիքսել է պայթյունի պահը։ Աստերոիդը, որը մինչև հարվածը մոտ 3,3 ֆուտ (1 մետր) լայնություն է ունեցել, հավանաբար սկսել է քայքայվել և մասերի բաժանվել Բեռլինից մոտ 50 կիլոմետր դեպի արևմուտք:
Սառնեցկին կարծես իզուր չի իրեն աստերոիդների որսորդ անվանում. վերջին տարիներին նա իրականում հարյուրավոր աստերոիդներ է հայտնաբերել և առաջինն էր, որ նկատեց 2022 EB5 աստերոիդը Երկրի մթնոլորտ մտնելուց մոտ երկու ժամ առաջ: Երկրին մոտեցող աստերոիդը հայտնաբերելու համար նա օգտագործել է նաև Կոնկոլի աստղադիտարանի տվյալները:
Եվրոպական տիեզերական գործակալության տվյալներով՝ 98 ֆուտ (30 մետր) տրամագծով մերձերկրյա փոքր աստերոիդների 99%-ը դեռևս չի հայտնաբերվել: Որքան փոքր է աստերոիդը, այնքան այն պետք է մոտ լինի Երկրին, որպեսզի գիտնականները կարողանան տեսնել այն:
Որոշ դեպքերում, մերձերկրյա աստերոիդները կարող են թաքնվել արևի պայծառ լույսի ներքո, օրինակ՝ 2013-ին Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի վրա ընկած երկնաքարը: Երկնքում դրա պայթյունի հետևանքով ավելի քան 1600 մարդ էր վիրավորվել էր՝ հիմնականում կոտրված ապակիների բեկորներից։
Կառավարական տիեզերական գործակալությունները այժմ նոր տեխնոլոգիաներ են մշակում, որպեսզի ուսումնասիրեն երկինքը և աստերոիդները հայտնաբերեն նախքան դրանք Երկրի մթնոլորտ կմտնեն: Այս նպատակին կծառայեն NASA-ի NEO Surveyor արբանյակը, որը նախատեսվում է արձակել 2027-ին, և ESA-ի NEOMIR-ը, որը նախատեսվում է արձակել ոչ շուտ, քան 2030-ը: 2025-ին Չիլիի Վերա Կ․ Ռուբինի անվան աստղադիտարանը, որը ֆինանսավորում է Չիլիի ազգային գիտական հիմնադրամը, կկազմի Արեգակնային համակարգի կատալոգը, որը պետք է օգնի աստերոիդներին հայտնաբերելու գործում։