Apple-ի կապիտալիզացիան գերազանցել է $3 տրիլիոնը և մոտեցել ֆրանսիական ֆոնդային ակտիվների ընդհանուր արժեքին
Apple ընկերությունը շարունակում է զարմացնել համաշխարհային ֆինանսական հանրությանը։ Ըստ Bloomberg-ի ինդեքսի՝ չորեքշաբթի ֆոնդային բորսայի փակման ժամանակ ֆրանսիական ընկերությունների ընդհանուր շուկայական արժեքը հասել է 3,2 տրիլիոն դոլարի, իսկ Apple-ի շուկայական կապիտալիզացիան կազմել է 3,1 տրիլիոն դոլար:
Սա առաջին դեպքը չէ, երբ Կուպերտինոյում (Կալիֆոռնիա) գրանցված ընկերությունը գերազանցում է Փարիզի ֆոնդային բորսայում ցուցակված ընկերությունների արժեքը միասին վերցված: Շուկայի ընդհանուր անկման պայմաններում, որը պայմանավորված էր գնաճի դեմ պայքարելու նպատակով կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացմամբ, անցյալ տարվա երկրորդ կիսամյակում Apple-ն ու Ֆրանսիական ֆոնդային բորսան բազմիցս փոխվել են տեղերով:
Ֆրանսիական ֆոնդային շուկան իր հերթին այս շաբաթ հասել է ռեկորդային բարձր ցուցանիշների՝ շնորհիվ շքեղ ապրանքներ արտադրող ընկերությունների գրանցած հաջողությունների, ինչպիսիք են Louis Vuitton-ի սեփականատեր LVMH-ը և Birkin ձեռքի պայուսակներ արտադրող Hermes International SCA-ն: Ամառվա կեսին շքեղ ապրանքների ոլորտի ընկերությունների արժեթղթերն անկում էին գրանցել, սակայն վերջին շաբաթներին վերականգնվել են ցածր գնաճի և այն ենթադրությունների ֆոնին, որ տոկոսադրույքները կարող են հասնել իրենց գագաթնակետին, ընդորում՝ ԱՄՆ-ում ռեցեսիայի նշաններ չեն նկատվել:
ԱՄՆ-ում այս տնտեսական դինամիկան կրկին հետաքրքրություն է առաջացրել տեխնոլոգիական ընկերությունների, հատկապես խոշորագույնների բաժնետոմսերի նկատմամբ: Օրինակ՝ 2023-ին Apple-ի արժեքն ավելացել է ավելի քան 50%-ով՝ իր շուկայական կապիտալիզացիային ավելացնելով մոտ 1 տրիլիոն դոլար։ Այս աճը բեկումնային է այս տարվա հոկտեմբերին գրանցված միտման ֆոնին, երբ ընկերության բաժնետոմսերը ճնշման տակ էին Չինաստանում Apple-ի արտադրանքի եկամուտների աճի և վաճառքի հետ կապված մտահոգությունների պատճառով:
Ուոլ Սթրիթի վերլուծաբաններն ակնկալում են, որ Apple-ի եկամուտները կաճեն 2024-ին՝ պայմանավորված սմարթֆոնների, նոութբուքների և PC համակարգիչների պահանջարկի աճով: Այս կանխատեսումները, որոնք կազմել է Bloomberg-ը, հիմնված են վերլուծաբանների միջինացված գնահատականների վրա և տեխնոլոգիական փոփոխվող միտումների պայմաններում արտացոլում են շուկայում առկա լավատեսական տրամադրությունները ընկերության ապագա գործունեության վերաբերյալ: