Զարուհի Սարիբեկյան. Ոճը պետք է շշնջա, ոչ թե ճչա

0

Ոճը պետք է շշնջա, ոչ թե ճչա, ասում է հաղորդակցությունների մասնագետ Զարուհի Սարիբեկյանը։ Ոճի և նորաձևության մասին NEWS.am STYLE–ի նոր «Ոճ ունեցող մարդիկ» նախագծի շրջանակում Զառայի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչ է ոճը, դրես կոդը, բովանդակության և արտահայտման համապատասխանությունը։ Ստացվեց յուրատեսակ ոճային զրույց, որում կան որոշ փիլիսոփայական մտորումներ, մի քիչ լեզվաբանություն ու պատմություն, բազմագույն, բայց նույներանգ զրույց, ինչն արտացոլում է Զառա Սարիբեկյանի ոճը։

Ոճը պետք է արտահայտվի ձեւի մեջ՝ ընդգծելով բովանդակությունը

Սվիտեր — Esthēme Տաբատ– H&M Ականջօղեր – Swarovski

Ինձ համար ոճն ավելի լայն ու համընդգրկուն երևույթ է, քան պարզապես հագուստի ձեւը։ Դա բովանդակության և արտահայտման կոնսենսուս է: Նույնիսկ ոճ՝ style բառի ծագումն ինքնին հուշում  է  դա: Լատիներեն stilus նշանակում է գրչի սուր ծայր, որն օգտագործվում է գրելու, այսինքն՝ հետք թողնելու համար։ Այսինքն՝ ոճն այն է, թե ինչով կամ ինչպես կարող ես թողնել քո հետքը: Դա բովանդակության և արտահայտման ներդաշնակ կապն է։ Սա, ըստ իս, բավական կարևոր է… Օրինակ, այսօր շքեղության հասանելիությունը պատրանք է ստեղծում, թե մարդիկ ավելի ոճային են դարձել։ Բայց իրականում դա բոլորովին էլ այդպես չէ. ոճը պետք է արտահայտվի ձեւի մեջ՝ որոշակիորեն ընդգծելով քո բովանդակությունը… Պայմանականորեն ասած, սայլը ոչ մի կերպ չի կարող արդարադատության խորհրդանիշ լինել, կշեռքը կարող է լինել, քանի որ այն բովանդակության ներքին ակնարկ է պարունակում։ Նույնը կարելի է ասել նաեւ ոճի մասին։ Ոճը քո վերաբերմունքն է ոչ միայն հագուստի, այլև քո աշխատանքի նկատմամբ, ինչպես ես վերաբերվում քո սիրելիներին, ինչպես ես խոսում, ինչպես ես դիպչում մազերիդ: Ինձ համար ոճը համընդգրկուն հասկացություն է։ Ոճն այն է, ինչը քեզ տարբերում է…

Տոպ– Intimissimi Տաբատ – Banana Republic Պիջակ – NafNaf Ականջօղեր – Melissa Kandiyoti 

Շատերը շփոթում են ոճն ու նորաձևությունը, բայց դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ինչո՞վ է տարբերվում ոճը նորաձևությունից: Ըստ իս՝ նորաձևությունը, այնուամենայնիվ, թելադրող է, այն քեզ դարձնում է օբյեկտ… Իսկ ոճը հնարավորություն է ցույց տալու քո սուբյեկտայնությունը… Հարցն այն է, թե որքանով կկարողանաս նորաձևությունը քոնը դարձնել։ Ոչ թե վերցնես ու կրես, այլ անցկացնես քո միջով: Սա կրկին բովանդակության և արտահայտման հարց է։ Պայմանական ասած, Dior-ի պայուսակը քեզ չի փրկի, եթե սխալ ես արտասանում բառերը։

Ոճի չափանիշ

Ես համակարգային, մոզայիկ մարդ եմ։ Ինձ համար չի կարող լինել, համենայն դեպս, չկա այնպիսի մեկ անձ, որը կարող է ամեն ինչի չափանիշ լինել։ Ես մարդ եմ, որը խոնարհվում է պրոֆեսիոնալի, գեղեցկության, ինչ–որ որակով, լավ բանի առջեւ: Ինչ վերաբերում է ոճի չափանիշին, թերեւս չկա այդպիսի մեկ մարդ, ինչպես, օրինակ, ասում են.  «Ինձ համար, Շանելը ոճի չափանիշ է»… Շանելը անսահման ֆենոմենալ կերպար է, բայց ինձ համար դա ավելի շատ հավաքական կերպար է…Դա կարող է լինել նույն Շանելը կամ Սկիապարելլին, որոնք, ի դեպ, այնքան էլ լավ հարաբերություններ չեն ունեցել…

Կոմբինիզոն– J.Crew Պիջակ – Massimo Dutti Ականջօղեր– Brosway

Անշուշտ, կան մարդիկ, որոնցով ես հիանում եմ։ Եվ խոսքը միայն էկրանի մարդկանց կամ հայտնիների մասին չէ: Դա կարող է լինել իմ մերձավոր շրջապատից մեկը, իմ գործընկերը, ցանկացած մեկը, որը տվյալ էպիզոդիկ պահին ուժեղ է իր ինչ-որ կողմով և ոգեշնչում է քեզ։ Դա կարող է լինել Քեյթ Բլանշետը, որն ինձ համար շատ հետաքրքիր և խարիզմատիկ կերպար է՝ և՛ որպես դերասանուհի, և՛ որպես մարդ։ Դա կարող է լինել Բելլա Հադիդը՝ կարմիր գորգի վրա, նաև կարող է լինել իմ գործընկեր Նանորը, որը որոշակի աշխատանք կատարելու համար համարել է, որ պետք է գնա Փարաջանովի թանգարան, գրադարան և էլի ինչ-որ տեղ։ Այսպես ասեմ, աշխատանքի նկատմամբ ահա այս վերաբերմունքն եմ ես աներևակայելի ոճային համարում։ Եվ սա նաև ինձ ոգեշնչում է, ինչպես, ասենք, Բարաք Օբամայի աութֆիթը նախագահական մրցարշավում, որը, ի դեպ, լավ մտածված էր։

Դրես կոդ եւ ոճ

Total Look – ZARA Ականջօղեր — APM Monaco

Հարկ է լինում  ճկունություն դրսեւորել, քանի որ նույն օրվա ընթացքում հնարավոր է խիստ պաշտոնական դրես կոդ պահանջող հանդիպում ունենաս, իսկ հետո երեկոյան՝ ինչ-որ կոկտեյլ: Պետք է կարողանաս մանևրել, և, միևնույն ժամանակ, հարգել դրես կոդը: Սա նույնպես ոճ է։ Այն, ինչ արդեն ասացի. ոճը վերաբերմունք է աշխատանքի և շրջապատի նկատմամբ:

Ես «շշուկի» կողմնակից եմ

Զգեստ – ZARA Ականջօղեր — Isharya  

…Աշխատանքով պայմանավորված՝ հարկ է լինում տարբեր լինել, երբեմն պետք է պահանջկոտ լինես՝ մասնակցելով ինչ-որ նախագծերի, որտեղ տարբեր մարդիկ կան, և քեզանից պահանջվում է որոշակի խիստ երանգ տալ ձայնիդ, որպեսզի նախագիծն առաջ գնա։ Բայց ինձ համար միշտ կարևոր է հիշել, որ ես կին եմ։ Եվ կան որոշ տարրեր, առանց որոնց ես ինձ չեմ պատկերացնում: Օրինակ՝ ես չեմ կարող տնից դուրս գալ առանց ականջօղերի… Ականջօղերն իմ զգեստապահարանի շատ կարևոր մասն են։ Ես կարող եմ ականջօղերի շուրջ կառուցել իմ այդ օրվա ամբողջ կերպարը, ներառյալ վերարկուն: Յուրաքանչյուր զույգ ականջօղի հետևում կա մի պատմություն: Դրանք բոլորովին տարբեր են։ Իմ ամենասիրելի ականջօղներից է փոքրիկ քարերովը, որոնք ներսից են եւ տեսանելի են միայն ինձ համար։ Ինձ համար կարևորը ականջօղերի պատրաստման վարպետությունն է: Այստեղ հարցն այն չէ, թե ինչից է այն պատրաստած, այլ այն, թե ինչ զգացողություններ է այն առաջացնում։

Տոպ – Etam Շրջազգեստ- Massimo Dutti Պիջակ – Massimo Dutti Ականջօղեր — Isharya 

Ես սիրում եմ խառնել ոճերը, բայց նորից՝ խառնել՝ պահպանելով իմ սեփականը: Հաճելի է, երբ ասում են, որ ինչ-որ իմիջ ունեմ, ձեռագիր… Որոշակի իրավիճակում ինչ-որ չափով սադրիչ լինելը կարող է արդարացված լինել,  մեկ այլ իրավիճակում կարող է ընդունելի լինել դասական ոճը։  Այստեղ կարևոր է հիշել վայրին, իրադարձությանը և շրջապատին  համապատասխանության մասին։ Իմ զգեստապահարանը բացարձակ բազմազան է։ Մեր ընտանիքում ես միակն եմ, որը միաժամանակ ունի կաշվե տաբատ, փոքրիկ սև զգեստ և բոհո ոճի զգեստ… Իմ զգեստապահարանում սևը շատ է: Սևը պրակտիկ  է։ Սևը, անկասկած, ավելին է, քան գույնը: Ես սիրում եմ տարբեր գույներ, ունեմ զգեստներ մեծ ծաղկե պրինտներով, ունեմ նաեւ միագույն: Բայց, ընդհանուր առմամբ, ես մոնոխրոմ մարդ եմ, այդպես ավելի հարմարավետ եմ ինձ զգում։

Կոշիկները իսկական պատմություն են

Զգեստ — Massimo Dutti Ականջօղեր- Isharya  

…Դե իզուր չէր, որ Մոխրոտի մասին հեքիաթում փերին նրան բյուրեղապակե կոշիկներ նվիրեց, կարող էր ժամացույց նվիրել, ի վերջո, ավելի տրամաբանական կլիներ, քանի որ նա զգուշացրել էր, որ մինչև կեսգիշեր ժամանակ ունի։ Եթե նվիրեր հեքիաթային Cartier, հեքիաթը չէր տուժի։ Բայց նա կոշիկներ նվիրեց: Սա, իհարկե, կատակ է: Բայց կոշիկները շատ կարևոր են, և տղամարդկանց համար, ի դեպ, նույնպես։ Ինձ թվում է, որ կոշիկներն ընդհանրապես ոճային ֆետիշ են։ Հիշու՞մ ես, նույնիսկ Պիկասոն էր ասում. «Տվեք ինձ կոշիկներ, և ես կնկարեմ կնոջը, որը դրանք կրում է»… Օրինակ, Ամերիկայի իրավական հանրությունում՝ փաստաբանների շրջանում, որոնք, ի դեպ, որոշ շրջանակներում համարվում են  ոչ պակաս նորաձևություն թելադրողներ, քան պայմանական Vogue-ը և Harper Bazars-ը, կա այսպիսի հասկացություն՝ «courtroom shoes»․ սրանք որոշակի ձևի կանացի կոշիկներ են՝ փոքրիկ կրունկով, որոնք քայլելիս շատ խուլ ձայն են առաջացնում: Եվ սա նույնպես շատ կարևոր է․  ինչպես ես հնչում, երբ քայլում ես… Սա, որպեսզի հասկանանք, թե ինչ նրբություններ կան…Ինչ վերաբերում է սիրելի ապրանքանիշերին՝ Casadei և Stuart Weitsman։

Դիմավորում եք հագուստո՞վ։

Կոմբինիզոն – Mango Ականջօղեր – Swarovski

Մենք երբեք առաջին տպավորությունը թողնելու երկրորդ հնարավորությունը չենք ունենա։  Ու հիմա ինչ էլ ասենք, հագուստը յուրատեսակ մանիֆեստ է, որն առաջին հերթին խոսում է քո մասին… Բայց ես երբեք կարծիք չեմ կազմում, քանի դեռ  չեմ խոսել մարդու հետ։ Նախ, կրթությամբ ես լեզվաբան եմ, և դա ինձ համար որոշակի զենք  է, քանի որ երբ մարդը խոսում է, կարևոր չէ, թե ինչ է ասում, ես կարող եմ  խոսքից պատկերացում կազմել  նրա մասին։

Նյարդայնացնում ու ոգեշնչում է

…Հայաստանում հագուստի ընտրություն չկա. Սա բացարձակ պատրանք է… Սկսած գործվածքների որակից, վերջացրած նրանով, թե ինչ է առաջարկվում։ Սակայն նույնիսկ ոչ այնքան հարուստ զգեստապահարան ունենալով՝ կարող ես ոճային տեսք ունենալ, եթե ունես արտահայտված անհատականություն։

Օրինակ, ինձ համար անհասկանալի են Ջեֆ Կունսի պրինտները, որոնք օգտագործել է Louis Vuitton-ը: Գուցե գեղեցիկ է, բայց ինձ համար չափազանց ակնհայտ է: Այս միտումը, որը, ի դեպ, շարունակվում է, ինձ համար բոլորովին անհասկանալի է։ Ինչո՞ւ ճչալ ակնհայտի մասին…

Total Look – ZARA Ականջօղեր- Isharya 

Ինձ նյարդայնացնում է այն, ինչ պարտադրում է մասսմարկետը։ Ըստ երևույթին, մենք կորցրել ենք ընտրելու ներքին կողմնորոշիչը։ Եթե մասսայական շուկան, օրինակ, թելադրում է կրոպ տոպ, ապա երևի պետք է հասկանալ, թե որքանով է դա սազում կոնկրետ մարդուն։ Ցավոք, մասսմարկետն է ստեղծում միջին վիճակագրական պատկերը, որը տեսնում ենք ամենուր: Եվ ոչ միայն Երևանում, այն ամենուր է։ Կարծում եմ՝ մենք կորցրել ենք  քննադատական մտածողությունը…

Ինձ ոգեշնչեց որոշակի երկրաչափական պատկերների վերադարձը նորաձևություն: Ինձ ոգեշնչում է ազատությունը, երբ կուտյուրիեի ստեղծածը համադրում են որևէ անսպասելի բանի հետ: Ինձ ոգեշնչեցին Dolce & Gabbana-ի վերջին ցուցադրությունները… Չնայած ես ամենևին էլ Dolce & Gabbana-ի երկրպագու չեմ… Բայց կանացի զգայունակության այս վերադարձը, որը մեզ պակասում էր վերջին մի քանի տարիներին, ոգեշնչող է։ Դա գեղեցիկ է։

Լուսինե Վահրամյան

Leave A Reply

Your email address will not be published.