Մշտական քայլքը բարելավում է մտավոր ունակությունները Դաունի համախտանիշի ժամանակ. IJERPH
Արագ քայլքը կարող է հանգեցնել Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց մտավոր ունակությունների բարելավմանը ութ շաբաթվա ընթացքում։ Հետազոտությունը հրապարակվել է International Journal of Environmental Research and Public Health-ում (IJERPH)։
Հետազոտությանը մասնակցել են 18-48 տարեկան 40 կին եւ 43 տղամարդ 10 երկրներից, նրանք ունեցել են Դաունի համախտանիշ։
Առաջին խմբի մասնակիցները շաբաթը երեք անգամ զբաղվել են քայլքով։ Երկրորդ խումբը կատարել է վարժություններ ինտելեկտի համար։ Երրորդ խումբը համադրել է ֆիզիկական եւ մտավոր վարժությունները, իսկ չորրորդ խումբը ոչ այն է արել, ոչ մյուսը։ Մասնակիցների ֆիզիկական ակտիվությանը հետեւել են հատուկ կրիչ սարքի օգնությամբ։
Հետազոտության ավարտին քայլքով զբաղվող մասնակիցները զգալիորեն ավելացրել են հեռավորությունը, որը կարող էին անցնել վեց րոպեում։ Բարելավումը կազմել է 11,4 տոկոս եւ 9,9 տոկոս միայն ֆիզիկական վարժություններով զբաղվողների եւ համակցված վարժություն կատարողների խմբերում՝ համապատասխանաբար։ Այդ խմբերում զգալիորեն բարելավվել են նաեւ SART եւ STROOP թեստերի արդյունքները։ Առաջինը չափում է սխալների հաճախակիությունը կոգնիտիվ գործունեության ժամանակ, իսկ երկրորդը՝ որոշումների ընդունման արագությունը եւ ճշգրտությունը։
Չնայած քայլքը ակտիվ մտածել չի պահանջում, հետազոտողները նշել են, որ շարժողական նյարդային ուղիների ակտիվացումը խթանում է մտավոր զարգացումը, քանի որ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց ստիպում է դառնալ ավելի զգոն եւ ուշադրություն հատկացնել առաջադրված խնդրին։