«Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզիչ․ Արսեն Զախարյանը զարմացրեց ինձ
Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» իսպանացի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը դրական է արտահայտվել իր ղեկավարած թիմի նորեկ, Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։ 20-ամյա ֆուտբոլիստը հայտավորված է «Լաս Պալմասի» դեմ հանդիպմանը։
«Արսեն Զախարյանն ինձ զարմացրեց, բայց ոչ թե իր խաղամակարդակով, այլ նոր թիմում արագ հարմարվելու ընդունակությամբ։ Լավ ֆուտբոլիստները շատ արագ են հարմարվում նոր պայմաններին։ Թեեւ նա լավ չգիտի անգլերեն, բայց ամեն ինչ շատ արագ ընկալեց։
Արսեն Զախարյանն ունի մեծ ներուժ եւ գերազանց բնավորություն, թեեւ նա ընդամենը 20 տարեկան է։ Եթե ոչ մի վատ բան տեղի չունենա, նա կդառնա հրաշալի ֆուտբոլիստ։
Շնորհակալ եմ Վալերի Կարպինին, որ չկանչեց Զախարյանին հավաքական, որպեսզի նա ավելի լավ հարմարվի ակումբում»,- Իմանոլ Ալգուասիլի խոսքը մեջբերում է El Desmarque-ը։
Իսպանիայի առաջնության երրորդ տուրի «Լաս Պալմաս» — «Ռեալ Սոսիեդադ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։