Threads-ը կգործարկի վեբ տարբերակ․ ե՞րբ սպասել այն
Meta ընկերության ստեղծած Threads նոր սոցցանցն այս շաբաթ պատրաստվում է գործարկել հավելվածի վեբ տարբերակը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ընկերության աղբյուրներին։
The Wall Street Journal-ի աղբյուրները պնդում են, որ վեբ տարբերակի գործարկման ծրագիրը վերջնական չէ, և դրա իրագործումը կարող է հետաձգվել։
Threads-ի վեբ տարբերակի և սոցցանցում որոնման գործառույթ ներդնելու մասին ավելի վաղ հայտարարել էր Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։
Ներկայումս Threads-ում միայն անհատական հաղորդագրություններն է հնարավոր դիտել PC համակարգիչներով, հավելվածը օպտիմիզացված է բջջային տարբերակի համար:
Նախկինում Threads-ը հայտարարել էր գրառումները վերահրապարակելու նոր գործառույթ ստեղծելու մասին. այժմ օգտատերերը կկարողանան դրանք տեսնել ինչպես լրահոսում, այնպես էլ առանձին ներդիրում: Սոցցանցն ավելացրել է նաև օգտատիրոջ հավանած գրառումները դիտելու հնարավորություն։
Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր հերթին ասել էր, որ գոհ է, թե որքան արագ է մշակողների թիմը նոր հնարավորություններ ներդնում Threads-ում:
Meta-ն Threads-ը գործարկել է հուլիսի սկզբին։ Գործարկումից ընդամենը մի քանի օր անց սոցցանցն արդեն 50 մլն օգտատեր ուներ։ Հուլիսի 10-ի դրությամբ սոցցանցի օգտատերերի թիվը գերազանցել էր 100 միլիոնը։