Մբապեն շնորհակալություն է հայտնել Բուֆոնին

0

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն շնորհակալություն է հայտնել լեգենդար իտալացի դարպասապահ, 45-ամյա Ջանլուիջի Բուֆոնին, որը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Մբապեն ու Բուֆոնը ՊՍԺ-ում հանդես են եկել 2018-2019 թվականների մրցաշրջանում։

«Մեծ պատիվ էր ունենալ ձեզ հետ հանդիպելու եւ ձեր լեգենդար կարիերային հատվելու հնարավորություն։ Ոսկե մարդ արժեքավոր խորհուրդներով, որոնք կպահեմ ամբողջ կյանքում։ Բարի ճանապարհ եւ խորին շնորհակալություն»,- Թվիթերում գրել է Մբապեն։

Բուֆոնը իտալական «Պարմայի» ակադեմիայի սան է։ 1995-2001 թվականներին «Պարմայում» հանդես գալուց հետո նա տեղափոխվել է «Յուվենտուս», որի կազմում անցկացրել է 17 տարի, ապա մեկ մրցաշրջան խաղացել է ՊՍԺ-ում։ Փարիզից հետո նա վերադարձել է թուրինյան ակումբ, իսկ 2021-ին դարձյալ միացել «Պարմային»։

«Յուվենտուսի» հետ Բուֆոնը դարձել է Իտալիայի 10-ակի չեմպիոն, 5 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը։ Իտալիայի հավաքականի կազմում Բուֆոնը դարձել է 2006թ․ աշխարհի չեմպիոն։

Leave A Reply

Your email address will not be published.