Նիկոլը հայելու մեջ ցանկանում է Վազգենի՞ն տեսնել

0

Երկրապահ կամավորականների միության 30-ամյակի առիթով իր հերթական շոուի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, հանրությանը մատուցելով նոր տեսարաններ, փորձեց ևս մեկ անգամ ստորացնել պետությունն ու պետականության արժեհամակարգերը։ Գաղտնիք չէ, որ Երկրապահի սիմվոլը Վազգեն Սարգսյանն է, ում տոկուն ջանքերով ու քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծվեց այս պետականահենք կառույցը՝ դառնալով ՀՀ բանակի ոգեշնչման և հայրենասիրության մի յուրատեսակ կառույց։ Տարիներ շարունակ հենց Երկրապահն է կրել պետության պաշտպանության իր առանցքային բաժինը՝ լուռ, առանց էյֆորիայի ծառայելով երկրին ու բացառապես պետությանը։

Նույն Փաշինյանը, ով օրեր առաջ ամբիոնից պաթոսախեղդ ճառեր էր ասում ԵԿՄ-ի մասին, գովերգում ու շնորհակալանքի խոսքեր ասում նրա մասին, տասնամյակներ այդ կառույցի քննադատողների թիվ մեկ քլունգն էր, և ամեն ինչ անում էր, հանրային դաշտում ֆեյք թեզերի գեներացմամբ, այն ներկայացնել որպես չարիք, իսկ ԵԿՄ հիմնադիր Վազգենին և 20 տարուց ավելի այդ կառույցը գլխավորած գեներալ Մանվելին՝ դեմոնիզացնել և, անարգանքի սյունին գամելով, բազմաթիվ մեղադրանքներ տարածել։ Ավելին, իշխանությունը բռնազավթելուց հետո, Նիկոլի առաջին թիրախը դարձավ հենց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը։

Շատ է խոսվել այն մասին, որ Փաշինյանն ատում է բանակն ու զինվորականությանը, չի սիրել նաև այն մարդկանց, ովքեր անձնվիրաբար իրենց կյանքն են նվիրաբերել և ավանդը ներդրել հայրենիքի անվտանգությանը և պաշտպանությանը։ Այսօր շարունակում ենք ականտես լինել նման տեսարանների։ Ի դեպ, Վազգեն Սարգսյանն այս հարցում առաջատարներից էր, քանի որ դեռևս նորաթուխ քվազիխմբագիր Նիկոլն իր «պադվալային» մամուլում թիրախավորում էր Վազգենին և նրա կողմից իրականացրած քաղաքականությունը՝ դրանք համարելով ազգակործան ու հակազգային։ Փաշինյանի հայտնի «Կտոր մը կամուֆլյաժ» և «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» հրապարակումները Փաշինյանի սրտի խոսքն են՝ առ բանակ և հայրենիք, հենց սրանցով է նա ցույց տալիս և ապացուցում, թե իրականում ինչ է զգում ինքը պետության ու պետականության համար և ում շահերն է սպասարկում (տվյալ դեպքում իհարկե ոչ հայկական)։

Երկրապահի 30-ամյակի միջոցառման ժամանակ Փաշինյանը, սակայն, ցինիկաբար ասում է հետևյալը․ «Մենք Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է»: Թերևս Նիկոլն այս ամենն ասում է՝ հասկանալով, որ շատերս ենք հիշում վերը մեջբերած հրապարակումների բովանդականությունն ու իրական ասելիքը և գիտենք, թե ինչ դեմագոգիայով էր նա զբաղվում այդ պահին: Ներկայումս, երբ բանակը բարոյալքված ու արժեզրկված է, Արցախն ամբողջովին հանձնված, սա ստորաքարշության հերթական դրսևորումն էր, որով լկտիաբար շարունակում է ՀՀ թիվ մեկ պատուհասը։

Անհերքելի է, որ Վազգենը ՀՀ երրորդ հանրապետության ու հաղթնակի խորհրդանիշներից մեկն է, ու բացառապես ամեն հայի սրտում ունի հայրենիքի նվիրյալի, պետականաշինության խորհրդանշի համարում, ով հավերժ իր ստորագրությունն է թողել հայկականություն կոչվածի տակ: Իսկ Նիկոլը, դավաճանի ու հակահայի խարանը կրելու է առհավետ։ Նա պարտության ու կործանման սիմվոլն է, Վազգենը՝ փառքի ու հաղթանակի: Վազգենի ֆեյքը դառնալով՝ նա փորձում է ստվեր գցել ու դրա ֆոնին պաթոսային իննքհաստատում բեմադրել։

Արմեն Հովասափյան

Leave A Reply

Your email address will not be published.