Իրավիճակը «ելման դիրքի» բերել հնարավոր է. Ադոնցը` Արցախի կարգավիճակի քննարկման մասին (տեսանյութ)
Իրավիճակը «ելման դիրքի» բերել հնարավոր է. Ադոնցը` Արցախի կարգավիճակի քննարկման մասին (տեսանյութ)
Ինչո՞ւ է աշխարհն անտարբեր Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտում իրականացնելու՝ Բաքվի հանցավոր ծրագրերի նկատմամբ, դեռ կա՞ն Արցախի կարգավիճակի հարցն օրակարգ վերադարձնելու հնարավորություններ, թե՞ արդեն անդառնալիության կետին ենք։ Այս և հարակից այլ թեմաների շուրջ Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցի հետ։
Հայաստանը կորցրել է իր դերը տարածաշրջանում անվտանգության համակարգի ճարտարապետության մեջ
– Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Կարգավորման ի՞նչ տարբերակներ են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ։
– Մինչև 44-օրյա պատերազմը հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու ձևաչափ չի եղել, այլ եղել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթաց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ։ Այդ ձևաչափը միակն էր, ուր տեղի էր ունենում անկեղծ փոխգործակցություն՝ չնայած ավելի լայն միջազգային բնագավառում այլ հարցերի շուրջ կային բավականին էական տարաձայնություններ։ Այս ձևաչափի շրջանակներում բանակցությունները բերեցին և ձևավորեցին հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքներ՝ տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում և ազգերի ինքնորոշման իրավունք։ Կարգավորման տարրերը պարունակում էին միջազգային իրավունքի այս սկզբունքների կիրառման գործիքներ։ Շատ մարդկանց մոտ, որոնք չեն տիրապետում այս օրակարգին, այնուամենայնից հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը դնել «մեկ զամբյուղի» մեջ։ Մինչդեռ, սևը սպիտակի վրա՝ հստակորեն դրված էր ռեֆերենդումի ինստիտուտը, որն ամենակարևոր և գործուն գործիքն է ինքնորոշման իրավունքն ապահովելու համար։ Տարածաշրջանային անվտանգային համակարգի ճարտարապետության մեջ Հայաստանը նախապատերազմյան ժամանակաշրջանում իր ուրույն տեղն էր զբաղեցրել։ Մինչև պատերազմը Հայաստանը վարում էր բավականին հավասարակշռված և հետևողական արտաքին քաղաքականություն։ Ունենալով այնպիսի ռազմավարական գործընկեր, ինչպիսին Ռուսաստանն էր, Հայաստանը, բացառությամբ որոշ դրվագների, ինտենսիվ կերպով զարգացրեց խոստումնալից հարաբերություններ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ՝ ինչպես Բրյուսելի, այնպես էլ ԵՄ անդամ առանձին երկրների հետ։ Սակայն Ռուսաստանի տեղն ու դերը տարածաշրջանում ակնհայտ էր։ Ի՞նչ ունենք հետպատերազմյան շրջանում։ Մինսկի խմբի համանախագահությունը մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով դե ֆակտո դադարեց գոյություն ունենալ։ Օբյեկտիվ պատճառն այն է, որ միջազգային լարված իրավիճակում դարձել է անհնարին, որպեսզի Ռուսաստանն ու արևմուտքը՝ մասնավորապես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նստեն կլոր սեղանի շուրջ և քննարկեն երրորդ կողմի խնդիրները։ Սուբյեկտիվ պատճառներն էլ այն են, որ Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն պատրաստակամություն են հայտնել ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս։
-Ո՞րն է Հայաստանի դերն ու տեղը Հարավային Կովկասի տարածաշրջանում։
-Հայաստանի դերը տարածաշրջանում հետպատերազմյան շրջանում գործնականում զրոյի է հասել։ Հայաստանը դարձել է պետություն-հարթակ, որտեղ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, ԵՄ-ն փորձում են առաջ տանել իրենց շահերը։ Հայաստանի ու հայ ժողովրդի, մասնավորապես ԼՂ հայերի մասին մտածողներ շատ չկան, ինչի ապացույցն է ԵՄ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների վերջերս արված հայտարարությունները, մասնավորապես՝ Բորելի հայտարարությունը։ Բաքվի և Անկարայի հավակնությունները միջազգային հանրությունն օգտագործում է իր շահերից ելնելով
-Ինչո՞ւ է միջազգային հանրությունը տևական ժամանակ «ներում» թուրք-ադրբեջանական տանդեմի հանցագործ վարքագիծը։
-Եվրոպան և ԱՄՆ-ը փորձում են օգտագործել Բաքվի և Անկարայի հավակնությունները ի շահ իրենց՝ նպատակ ունենալով հնարավորինս նվազագույնի հասցնել Ռուսաստանի և Իրանի քաղաքական և տնտեսական ներկայությունը տարածաշրջանում։ Ադրբեջանը Եվրոպայի համար կարևոր է որպես էներգիայի սպասարկող։ Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական առումով Ադրբեջանը դարձել է Արևմուտքի համար արևմտյան հակաիրանական արշավի շատ կարևոր հաբ։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցությունը։ Հայաստանը, կրկնում եմ, կորցրել է իր դերը տարածաշրջանում և չի էլ փորձում վերականգնել այն։ Դրա համար անհրաժեշտ է ցանկություն, քաղաքական կամք և գործողությունների հստակ ծրագիր։ Այսօր ես այս ամենը չեմ տեսնում: Ես տեսնում եմ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության անգամներ ավելի բարձր լինելը, տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազումը, ինչը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով։ Միաժամանակ Ռուսաստանը պահպանում է իր ռազմական ներկայությունը թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում, այլապես մեր վիճակը շատ ավելի վատ կլիներ։ Ընդհանրապես, միջազգային հանրությունն այսօր Հայաստանին չի ընկալում որպես լուրջ գործընկեր, նաև այն պատճառով, որ Երևանը պատրաստ է խոնահաբար կատարել Անկարայի և Բաքվի գրեթե բոլոր պահանջները։ Միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի արձագանքում Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ մտադրությանը։ Փոխարենը նա որոշակի պայմաններ է առաջ քաշում Ստեփանակերտի համար։ Ստեղծված իրավիճակից ելքը պետք է փնտրել Երևանում։ Հարցը պետք է բարձրացնել Երևանում։
-Բայց Երևանը միջազգային ասպարեզում բարձրաձայնում է Արցախի շրջափակման մասին, թերևս՝ հայտարարությունների տեսքով։
-Եթե այդ հայտարարությունների հիմքում ընկած են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, ապա հարցը փակվում է։ Կա՞ն հնարավորություններ Արցախի կարգավիճակի հարցը օրակարգ վերադարձնելու
-Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմը «մանևրելու» հնարավորություն ունի՞։ Կա՞ն մեխանիզմներ Արցախի կարգավիճակի հարցը նորից օրակարգ բերելու համար։
-Կարծում եմ՝ իրավիճակը փոխելու ելքեր դեռ կան, պետք է փորձեր իրականացնել։ Բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է փոխել մոտեցումները այն առումով, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը չպետք է կախված լինի Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունից, 120 000 արցախցիների անվտանգությունը կախված է միայն այն բանից, որ Արցախը չմնա Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» տիրույթում։ Սա կարծեմ հասկանալի է Արևմուտքի համար, քանի որ հենց Արևմուտքն է առաջարկել ԼՂ կարգավորման գործընթացում կիրառել ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Բայց, կրկնում եմ, Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն սկզբունքային մոտեցումները և համապատասխան աշխատանք տանեն միջազգային գործընկերների հետ։ Բայց դա պետք է անի նոր թիմը, քանի որ Հայաստանի գործող իշխանությունն ու նրա առաջնորդը երկրում և դրանից դուրս լարվածություն ստեղծելուց բացի ուրիշ ոչ մի բանի չեն հասնում։ Մադրիդյան սկզբունքները նախատեսում էին Արցախի ինքնորոշման իրավունքը
-Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին մեղադրում է դեռևս 1991 թվականին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Կարող եք ասել ամեն ինչ, բայց իրականությունը մի փոքր ուրիշ է։ 1991-ին պատերազմ եղավ, իսկ 1994-ին կնքվեց զինադադարի պայմանագիր։ Եթե Փաշինյանը 1991 թվականը կապում է Ալմա-Աթայի հռչակագրի հետ, ապա ինչո՞ւ է լռում այն մասին, որ հայկական պատվիրակությունը հռչակագիրը ստորագրել է Արցախի վերաբերյալ հայտնի վերապահումներով։ Ոչ պակաս մանիպուլյատիվ են Մադրիդյան սկզբունքները որպես ձախողում ներկայացնելու նրա փորձերը, որպես Արցախի փաստացի ճանաչում Ադրբեջանի կազմում։ Մադրիդյան սկզբունքներում սևով սպիտակի վրա ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ընդ որում՝ ամրագրված են այդ սկզբունքի իրականացման մեխանիզմները՝ նախատեսելով Արցախի ժամանակավոր կարգավիճակ, հաջորդիվ՝ հանրաքվե, անվտանգության ապահովում և այլն․․ Այս բոլոր հայտարարությունների նպատակն է արդարացնել այսօրվա իրավիճակը, ասել, որ «մինչև հիմա շատ վատ է եղել, մենք փորձում ենք շտկել իրավիճակը»։
Արաքսյա Սնխչյան