Մբապե․ Կարծում եմ՝ ես համապատասխանում եմ «Ոսկե գնդակի» չափանիշներին

0

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հույս է հայտնել, որ այս տարի կարժանանա «Ոսկե գնդակի»։ 2022թ․ աշխարհի առաջնության եզրափակիչում Մբապեն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, սակայն Ֆրանսիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր Արգենտինային, որի ավագ, 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին համարվում է այս տարվա «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը։

«Բարդ է խոսել անհատական մրցանակի մասին, քանի որ ստիպված ես գովել ինքդ քեզ։ Լայն հանրությունը դա չի սիրում։ Որո՞նք են չափանիշները․ ցուցադրել վառ ֆուտբոլ եւ ունենալ կարեւոր դեր խաղադաշտում։ Կարծում եմ՝ ես համապատասխանում են դրանց։ Ընտրությունն ուրիշներն են կատարում, բայց ես լավատեսորեն եմ տրամադրված։

Աշխարհի առաջնության եզրափակիչում հեթ-տրիկս կփոխանակեի մեկ անդուր գոլի հետ, եթե հաղթեինք 1:0 հաշվով եւ երկրորդ անգամ անընդմեջ նվաճեինք աշխարհի գավաթը։ Այդ մրցաշարն առանձնահատուկ էր եւ ամբողջ մրցաշրջանի մարմնավորումն է»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

«Ոսկե գնդակի» հավակնորդները հայտնի կդառնան սեպտեմբերի 6-ին։ Դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 30-ին։ Անցած տարի «Ոսկե գնդակին» արժանացել է Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Քարիմ Բենզեման, որը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ»։

Leave A Reply

Your email address will not be published.