«Իմ արվեստը հայկական չէ, կրթությունս ֆրանսիական է, բայց ընտանիքս, արմատներս, պատմությունս հայկական են»․ Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 99 տարեկան

0

Հայերի ու ֆրանսիացիների խորհրդանիշ, լեգենդար շանսոնիե եւ անմնացորդ հայրենասեր Շառլ Ազնավուրն այսօր՝ մայիսի 22-ին, կդառնար 99 տարեկան։ Ազնավուրը շատ բան է հասցրել անել ու սովորեցնել, ավելի քան 1000 երգ գրել ու կատարել, մարդկանց մեջ սերմանել անկեղծություն, մարդկայնություն ու սեր, իսկ նրա ձայնն անվանել են սիրո ձայն։ 

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թ-ին՝ 94 տարեկանում։ «Ես չեմ վախենում մահվանից, ես պարզապես երջանիկ եմ ապրել, տեսնել, լսել, զգալ, վայելել շրջապատող աշխարհը։ Տեսնում եք՝ որքան հաշվենկատ եմ։ Ես Ֆաուստի նման չեմ խնդրում վերադարձնել երիտասարդությունս։ Ես, պարզապես, ցանկանում եմ մնալ այնպիսին, ինչպիսին կամ։ Ես կհամաձայնեի այուսհետ եւս հանդուրժել բոլոր անհարմարությունները, որոնք ինձ պատճառում է իմ տարիքը։ Եվ թող ինձ ասեն, որ ես չափազանցնում եմ կամ չափից շատ բան ուզում։ Ես խնդրում եմ ինձ նվիրել ընդամենը եւս հազար տարի (այնքան էլ շատ չէ) պարզապես հետաքրքրությունից դրդված՝ տեսնելու համար՝ ինչպիսին կդառնա աշխարհը երրորդ հազարամյակում»,-ասել է մաեստրոն, որը, վստահաբար, կապրի այնքան, որքան պատկերացնում էր՝ իր երգերի ու թողած ժառանգության շնորհիվ։

Ներկայացնում ենք Ազնավուրի հետաքրքիր մտքերից եւս մի քանիսը․

«Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու եմ ես այդքան շատ բան անում Հայաստանի համար։ Չգիտեմ՝ ինչպես ճիշտ պատասխանել։ Ներսում ինչ-որ բան կա… Այո՛, իմ արվեստը հայկական չէ, կրթությունս ֆրանսիական է։ Փոխարենը ընտանիքս, արմատներս, պատմությունս հայկական են։ Մենք հայ ենք ծնվել եւ հայ կլինենք մինչ մահը»։

«Սփյուռքի խնդիրը բավական լուրջ է։ Ոչ ոք չի ցանկանում բաժանվել գումարից։ Երբ ես մահանամ, ո՞վ փող կտա։ Յուրաքանչյուր հայ պարտավոր է յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր ամիս գումար հատկացնել, բայց նրանք դա չեն անում։ Նրանք շատ ժլատ են։ Մյուսները վճարում են, իսկ նրանք ուրախանում են։ Դա սխալ է։ Մենք պետք է աշխատենք հայերի եւ Հայաստանի համար»։

«Նույնիսկ երբ ինչ-որ մեկը կարծում է, որ սպասելու ոչինչ չկա, մենք միշտ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի ենք սպասում»։

«Ինչ-որ բան ստանալու համար հարկավոր է սովորել զոհել մեկ այլ բան»։

«Եթե թույլ սեռն ավելի ուժեղ է, ապա միայն այն պատճառով, որ ուժեղ սեռը չափազանց մեծ թուլություն ունի թույլի հանդեպ»։

«Եթե ամուսնանում են, վախենում են ամուսնալուծությունից։ Եթե ապրում են, իհարկե, վախենում են մահից»։

«Մա՞հ. ի՞նչ է դա։ Ի՞նչն է մահանում։ Եթե ամեն բան մահանում է, դա շատ սարսափելի է։ Բայց եթե մնում է տեսնելու եւ լսելու կարողությունը, արդեն վատ չէ։ Իսկ եթե կա նաեւ շոշափելու հնարավորություն…»։

Leave A Reply

Your email address will not be published.