Արցախի հարցն այլևս հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում չէ․ Ավետ Ադոնց
Փաշինյանի հիմնական խոսույթը խաղաղության օրակարգն է, որն օր օրի դե ֆակտո ձախողվում է, իսկ Ադրբեջանի նախագահի ասելիքն այն է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մի կողմ, բայց գետնի վրա իրենք այլ բան են անելու։ Նա այդ մասին հերթական անգամ խոսեց Շուշիում՝ վաշինգտոնյան բանակցություններին զուգահեռ, իսկ դա ապացուցում է, թե որքանով էին «անկեղծ» այդ բանակցությունները։ ՀՀ իշխանությունը խոսում է խաղաղության օրակարգի մասին այն պայմաններում, երբ այսօր աշխարհում միջազգային հարաբերությունները թելադրվում են պատերազմներով։ Խոսել խաղաղության օրակարգի մասին՝ առանց ապահովելու պետական ամրությունները, անմտություն է, և ամուր պետություն կամ գոնե դրա հավակնություն չունենալով՝ պետությունը որպես բանակցային կողմ՝ արդեն իսկ թույլ է։
168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան, Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցը:
«Թե որն է բանակցությունների մեր օրակարգը, կարելի է միայն ենթադրել իշխանության ելույթներից։ Ասում են՝ ցավոտ լուծումների կգնանք, իսկ որո՞նք են դրանք՝ միջա՞նցքը, անկլավնե՞րը, թե՞ մի այլ բան։ ՀՀ քաղաքացիները պետք է այս ամենի պարզ պատկերն ունենան։ Արցախի կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո երբեմնի բանակցությունների մասին բոլորը տեղեկացված էին, գիտեին հիմնական դրույթները, և վերջնական հարցն Արցախի կարգավիճակն էր, որը պետք է ապահովվեր հանրաքվեով։ Հիմա ինչի՞ մասին են բանակցությունները։ Կարևոր է նաև այն, թե ինչ միջավայրում են տեղի ունենում բանակցությունները՝ ուղղակի ռազմական ճնշման։ Այդ դեպքում արդյունավետ բանակցել խաղաղության պայմանագիր պարզապես անհնար է։ Մեր ռազմագերիները դեռևս Ադրբեջանում են, և այդ օրակարգը մոռացվել է»,- ասաց դիվանագետը:
«Եթե առաջ բանակցվում էր արցախյան հակամարտությունը, և հրադադարի խախտումները տեղի էին ունենում ազատագրված տարածքներում, հիմա այդ ամենը տեղի է ունենում ՀՀ տարածքում։ Փաշինյանի թեզերը մադրիդյան սկզբունքների մասին զարմանալի էին, նա դրանք ներկայացրեց՝ որպես դիվանագիտական ձախողում, նշեց, թե իբր դրանք կիրառելի չեն։ Երեք սկզբունքները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում, հայտնի են, հինգ տարրերն էլ դրանք կիրառական են դարձնում և ուղղակիորեն վերաբերում են Արցախի միջանկյալ կարգավիճակին և ապագայում անցկացվելիք հանրաքվեին։ Նա մանիպուլացնում է, երբ ասում է, թե այդ սկզբունքներն այլևս կիրառելի չեն։ Փաշինյանը նաև անկեղծորեն խոստովանեց, որ կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նրան արձագանքեց Ալիևը, որ 29 հազար 800 քառ կմ սահմաններում երբեք չի ճանաչի Հայաստանը»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը:
Նախկին փոխնախարարի պնդմամբ՝ Արցախի հարցն այլևս հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում չէ, խոսքն արդեն Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին է. «Արցախի հայերն այսօր ներկայացվում են՝ որպես Ադրբեջանի էթնիկ խմբերից մեկը։ Հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական միջավայրը՝ պարտադիր է մանևրելն ուժային կենտրոնների միջև։ Դժվար է պատկերացնել արցախյան հարցի լուծումն առանց ՌԴ-ի, ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի։ Այսօր մենք գետնի վրա ունենք ռուսական խաղաղապահ զորակազմ Արցախում, ռուսական ջանքեր՝ կանգնեցնելու նոր պատերազմը, նաև ամերիկյան ջանքեր՝ դուրս բերելու ՌԴ-ն այս տարածաշրջանից։ Հայաստանն իր տարածքով չպետք է դառնա մարտադաշտ մեծ տերությունների միջև։ Եթե ԱՄՆ-ը և ՌԴ-ն որևէ անհամաձայնություն ունեն իրար հետ, Հայաստանն այն տեղը չէ, որտեղ պետք է պարզվեն նրանց հարաբերությունները»:
«Չնայած գերտերությունների հակասություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնացել էր այն բացառիկ ձևաչափը, որում տիրում էր փոխըմբռնման մթնոլորտ։ Այսօր այն դե յուրե կա, բայց դե ֆակտո գոյություն չունի։ Երեք երկրներին բերել-նստեցնել նույն սեղանի շուրջ՝ հիմա արդեն գրեթե անհնար է։ Նախևառաջ պետք է հասկանանք՝ ի՞նչ օրակարգ առաջարկել նրանց, ո՞ր խնդրի լուծմամբ նրանք պետք է զբաղվեն՝ ՀՀ սահմանների սահմանազատմա՞ն, թե՞ Արցախի կարգավիճակի։ Վերջինն իսպառ բացակայում է, երբեմն խոսում են միայն արցախցիների իրավունքների և անվտանգության մասին։ Ուր էինք, ուր հասանք»,- ամփոփեց Ավետ Ադոնցը: