«Բեսթ Լայֆ» ԲԿ-ում իրականացվում է սրտի աորտալ փականի փոխարինում սեփական հյուսվածքից ձեւավորված փականով
«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում արդեն երրորդ տարին է, ինչ իրականացվում է սրտի աորտալ փականի փոխարինում սեփական հյուսվածքից ձեւավորված փականով, որն արհեստական՝ մեխանիկական փականի համեմատ ունի մի շարք առավելություններ։ «Բեսթ Լայֆ»-ն առայժմ միակ կենտրոնն է Հայաստանում, որտեղ այսպիսի վիրահատություն է իրականացվում։ Այն կոչվում է աորտայի փականի նեոկուսպիդացում կամ իր հեղինակի անունով՝ Օզակիի վիրահատություն։
Ի՞նչ է Օզակիի վիրահատությունը
Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց կլինիկայի Սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ավետիս Ահարոնյանը, աորտայի փականը կարող է ախտահարվել մի քանի պատճառով.
- Ծերունական կամ նախածերունական ախտահարում (ամենից հաճախ հանդիպող),
- Բնածին արատներ,
- Ինֆեկցիոն էնդոկարդիտ,
- Վնասվածքներ,
- և այլն
Ավետիս Ահարոնյանի խոսքով՝ աորտայի փականը բաղկացած է երեք թերթիկներից, երբեմն երկու թերթիկից (բիկուսպիդ)։ Երբեմն տարեցների մոտ այդ թերթիկները կրակալում եւ կարծրանում են՝ խանգարելով արյան հետհոսքը։ Արյան նորմալ հոսքը վերականգնելու համար ախտահարված փականը վիրահատական եղանակով փոխարինում են մեխանիկական կամ կենսաբանական փականով։
Օզակիի վիրահատության դեպքում կենսաբանական փականը ձեւավորվում է մարդու սեփական հյուսվածքից՝ սրտակրանքից (պերիկարդ), որը սիրտը գրկող թաղանթն է եւ ունի բավարար մակերես իրենից նոր թերթիկներ ձեւավորելու համար։
Որո՞նք են սեփական հյուսվածքից ձեւավորած փականի առավելությունները
- Արհեստական փականի դեպքում մեծ է փականների վրա թրոմբի առաջացման հավանականությունը։ Թրոմբը կարող է պոկվել, գնալ և խցանել տարբեր անոթներ, ինչպես նաև խանգարել փականի աշխատանքին։
- Թրոմբից խուսափելու համար արհեստական փականի դեպքում պացիենտները մինչեւ կյանքի վերջ հակամակարդիչ դեղեր են ընդունում, ինչն իր հերթին արնահոսության վտանգ է պարունակում։
Սեփական հյուսվածքից ձեւավորած փականի դեպքում այս խնդիրները չեն առաջանում։
Ավետիս Ահարոնյանը նշեց, որ այս վիրահատության գինը չի տարբերվում մեխանիկական փական տեղադրելու գնից, հատուկ խմբերի համար այն իրականացվում է նաեւ պետպատվերով։
Ի՞նչ այլ վիրահատություններ են իրականացվում «Բեսթ Լայֆ» ԲԿ-ում
Բժշկի խոսքով՝ սիրտ-անոթային հիվանդությունների շարքում մեծահասակների մոտ առաջին տեղում սրտի իշեմիկ հիվանդությունն է, երբ խաթարվում է սրտի սնուցումը անոթի լուսանցքի նեղացման, կամ ի վերջո՝ փակման պատճառով։
Սրտի իշեմիկ հիվանդությունը ըստ ցուցումի բուժվում է ե՛ւ դեղորայքային, ե՛ւ միջամտական (բալոնավորում, ստենտավորում), ե՛ւ վիրահատական (շունտավորում) եղանակներով։
Ինչպես նշեց Սրտային վիրաբուժության ծառայության ղեկավարը, «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում սրտի անոթների շունտավորումը ամենից հաճախ իրականացվում է զարկերակների, այլ ոչ երակների կիրառմամբ։
Բժիշկը պարզաբանեց, որ շունտավորման ժամանակ արյան նոր ճանապարհ է ձեւավորվում, շրջանցելով նեղացած անոթը, եւ դրա համար օգտագործվում են մարդու սեփական անոթները։ Որպես կանոն օգտագործվում են ոտքերի երակները, բայց սրտի անոթավորման համար ավելի նպատակահարմար է օգտագործել ճաճանչային կամ ներքին կրծքային զարկերակները։
«Զարկերակային շունտերն ավելի երկար են ծառայում։ Հավանականությունը, որ հիվանդը նորից միջամտության կարիք կունենա շատ ավելի ցածր է, քան երակային շունտերի դեպքում։ Երակային շունտերը եթե վեց-յոթ տարի ծառայում են, ասում ենք՝ լավ է։ Ներքին կրծքային զարկերակը ծառայում է 25 տարուց ավելի»,- ասաց նա։
NEWS.am Medicine-ն Ավետիս Ահարոնյանի հետ խոսել է նաեւ Հայաստանում մարդկանց վերաբերմունքից սեփական առողջությանը, վիրահատությունից հետո պացիենտների վարքից։ Ըստ բժշկի՝ սրտի իշեմիկ հիվանդությունն ավելի շատ «անգրագիտության եւ անփութության հիվանդություն է», այն այդքան տարածված չէր լինի, եթե գերճնշումով մարդիկ կարգավորեին իրենց ճնշումը, շաքարախտով հիվանդները վերահսկեին գլյուկոզայի մակարդակը և այլն։ Բայց մեր երկրում, ասաց բժիշկը, մարդիկ շատ անփույթ են վերաբերվում իրենց առողջությանը։