«Տանը երեխաներիս հաճախ եմ կրկնում՝ «հայերեն ասեք»»․ 20 փաստ «Էմմիի» դափնեկիր ամերիկահայ հեռուստալրագրող Արաքսյա Կարապետյանի մասին

0

Ամերիկյան FOX 11 հեռուստաալիքի ազգությամբ հայ հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանն ամեն օր բարի լույս է մաղթում աշխարհին եւ միանգամից դրական տրամադրություն փոխանցում իր գեղեցիկ ու անկեղծ ժպիտով։ Այն, որ հեռուստալրագրողը միշտ անդրադառնում է աշխարհի տարբեր խնդիրներին, այդ թվում՝ Հայաստանում կատարվող ցանկացած իրադարձության, վաղուց գաղտնիք չէ։ Նրա լրագրողական ձեռքբերումները եւ «Էմմիի» դափնեկիր լինելը եւս հայտնի է շատերին, իսկ հայկական արմատների ու Գյումրիում անցկացրած մանկության մասին Արաքսյան պատմել էր մեր «ArmenՅԱՆs» խորագրում։ Սակայն NEWS.am STYLE-ը որոշել է հաղորդավարուհու մասին բացահայտել ավելին՝ նրա հետ զրուցելով «20 փաստ հայտնիների մասին» շարքում։ 

Արաքսյա, ինչպե՞ս է սկսվում Ձեր առավոտը։

Արթնանում եմ եւ սկսում վազվզոցը։ Եթերայն հագուստ հագնելը, մազերիս հարդարումն ու դիմահարդարումս անում եմ աշխատավայրում, այնպես որ՝ երեք րոպեն բավական է, որ տնից դուրս գամ։ Ամեն ինչ պատրաստում եմ, որ վաղ առավոտյան տնից դուրս գամ՝ առանց որեւէ մեկին արթնացնելու։

Արթնանալուն պես, ի դեպ, սկսում եմ լսել նորությունները, որպեսզի հասկանամ՝ ինչ է կատարվել գիշերվա ընթացքում եւ ինչ է կատարվում հիմա։

Թե՞յ, թե՞ սուրճ։

Միանշանակ, սուրճ։ Իմ աշխատասենյակում, նույնիսկ, սուրճի մեքենա ունեմ։ Նախընտրում եմ կրկնակի էսպրեսո՝ վարսակի կաթով։
 
Իսկ ազատ ժամանակն ինչպե՞ս եք սիրում անցկացնել։

Ի՞նչ է ազատ ժամանակը (ծիծաղում է)։ Իրականում շատ ազատ ժամանակ չեմ ունենում, միշտ մի տեղ շտապում եմ՝ կամ աշխատանքի, կամ ինչ-որ միջոցառման, իսկ երբ ազատ ժամանակ է մնում, նախընտրում եմ այն անցկացնել երեխաներիս եւ ընտանիքիս անդամների հետ։ Ինձ օրվա ընթացքում միայն 30 րոպե եմ նվիրում, որպեսզի տանը մարզվեմ։ Ինձ համար դա պարտադիր զբաղմունք եմ դարձրել։ 

Ո՞ր հայերեն բառն եք ամենից շատ սիրում։ 

Մարդիկ ինձ միշտ այդ հարցը տալիս են, իսկ ես, իրականում, չունեմ ոչ մի պատասխան։ Պետք է մի բան մտածեմ, որ այս հարցին, ի վերջո, կարողանամ պատասխանել։ 



Իսկ հայկական խոհանոցի ո՞ր ուտեստն եք, հատկապես, նախընտրում։ 

Այն ամենը, ինչ պատրաստում են տատիկս ու մայրիկս։ Հենց այս պահին, օրինակ, տատիկիս պատրաստած տոլման եմ ուտում մածունով։

Ամենասիրելի վայրը Հայաստանում։ 
 
Հայաստանում ամենից շատ սիրում եմ այցելել շուկաներ։ Ինձ դուր է գալիս զբոսնելն ու մարդկանց շփումը լսելը։ Հրաշալի վայր է մարդկանց ուսումնասիրելու համար։

Անգլերեն ո՞ր բառն եք շատ օգտագործում։ 

Դե, աշխատավայրում ամեն օր ասում եմ՝ «Good morning, thanks for joining us»/Բարի առավոտ, շնորհակալ եմ, որ միացել եք մեզ․ հեղ․/

Իսկ տանը հաճախ ասում եմ՝ «Հայերեն ասա»․ երեխաներիս եմ այդպես դիմում, որ հայերեն խոսեն։ Ես այդ արտահայտության ռեկորդակիրն եմ, արդեն ինքս եմ հոգնել իմ կողմից հաճախ կրկնվող այդ արտահայտությունից։ 

Հայաստանից Ձեր ամենավառ հիշողությունը ո՞րն է։ 
 
Իմ ամբողջ մանկությունը լիակատար պարգեւ է, որ, ասես, կարմիր, կապույտ, նարնջագույն գեղեցիկ գույներով պարուրված լինի։ 

Հիշարժան են տատիկիս ու պապիկիս հետ այգում զբոսանքները, կամ բակում՝ ծիրանի ծառի տակ խաղերը, երբեմն էլ՝ ավտոտնակների տանիքներին էինք լինում․․․ այնտեղ, որտեղ թութն էր աճում, կամ էլ մագլցում էինք բալենուն։ Հենց այդ հասարակ բաներն են, որ ժպիտ են առաջացնում հետհայցք գցելիս։ 



Ո՞րն է Ձեր սիրելի ֆիլմը։ 

Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել։ Շատ-շատ եմ դիտում, հատկապես՝ վավերագրական ֆիլմեր։ Բայց այս դեպքում կառանձնացնեմ դասական դարձած «Կնքահայրը»։

Իսկ ո՞ր գիրքն է, հատկապես, Ձեզ տպավորել։ 

Քոլեջում ռուսական գրականության մի ամբողջ կուրս եմ անցել, այդ շրջանում շատ գրքեր եմ կարդացել։ «Դոկտոր Ժիվագո», «Աննա Կարենինա», «Ոճիր եւ պատիժ», «Կարամազով եղբայրներ»․․․ սրանք իմ ամենասիրելի դասական ստեղծագործություններն են։ Նաեւ սիրում եմ Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը» եւ «Հազար չքնաղ արեւները»։

Տոներից ո՞րն եք ամենից շատ սիրում։ 

Առհասարակ, սիրում եմ տոները՝ Շնորհակալության օրվանից մինչեւ Նոր տարի։ Այդպիսի օրերին օդը ջերմ է, իսկ սպասելիքները՝ շատ։ 

3 բառ, որոնք Ձեզ լավագույնս նկարագրում են։ 

Նպատակասլաց, կարեկցող, անկախ։  

Հոբբիներ ունե՞ք։

Իրակում, ոչ։ Ամբողջ ժամանակս զբաղեցնում են աշխատանքս ու ընտանիքս։ Այս օրերին այլ բաների համար շատ ժամանակ չունեմ։ 

Իսկ թաքնված տաղանդներ ունե՞ք։

Պատկերացում չունեմ․․․ Չեմ կարծում, թե ունեմ։  

Ընկերների շրջանում մականուններ ունե՞ք։

Այո․․․ (չբացահայտեց․ հեղ․)

Եթե ոչ լրագրող, ի՞նչ կլինեիք մասնագիտությամբ։ 

Հաճախ եմ մտորում այդ հարցի շուրջ։ Բայց կարծում եմ՝ հենց այս մասնագիտությունն էր իմը, ու այսպես պիտի լիներ ամեն ինչ։ Չնայած՝ կարծում եմ, որ կարող էի նաեւ գրող կամ վավերագիր դառնալ․ մի խոսքով՝ կանեի այն, ինչ կապված է պատմություններ ներկայացնելու հետ։ 

Ի՞նչը երբեք չեք կարողանա ներել։

Ինձ համար դժվար է համակերպվել մեկի հետ, ով ինձ արդեն հիասթափեցրել է․․․

Ամենամեծ խենթությունը, որ երբեւէ կատարել եք։

Լավ․․․ այ, սա ես հաստատ չեմ բացահայտի։ 



Իսկ ի՞նչ երբեք չեք անի։

Այն ամենը, ինչը կվտանգի կյանքս․․․ ցատք բարձունքից, սքայդայվինգ, լող՝ շնաձկների հետ․․․ Նաեւ բացարձակ հետաքրքրված չեմ Լուսին թռչելու մտքով, ինձ Երկրի վրա լավ եմ զգում։ Ի դեպ, ես կլաուստրաֆոբ եմ․ սարսափում եմ, երբ անգամ խճճվում եմ հագուստիս մեջ։ 
 
Բազմաթիվ հարցազրույցներ եք արել։ Ո՞րն էր ամենահիշարժանը Ձեզ համար։

Այսօր, չգիտեմ՝ ինչու, մտածում էի Սթեն Լիի մասին։ Հիշում եմ, որ ասաց՝ երբ մարդիկ ամեն անգամ նրան հարցնում էին թոշակի անցնելու մասին, նա պատասխանում էր՝ մարդիկ թոշակի են անցնում, որ սկսեն զբաղվել մի բանով, ինչ սիրում են։ Ես դրա կարիքը չունեն, որովհետեւ արդեն իմ սիրելի զբաղմունքն եմ անում։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արաքսյա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Leave A Reply

Your email address will not be published.