Ռիտա Օրան ելույթ կունենա «Եվրատեսիլ»-ի շրջանակում․ հայտնի են կիսաեզրափակիչ փուլերի մյուս հատուկ հյուրերը

0

BBC-ն հայտնել է, թե ովքեր են լինելու Լիվերպուլում կայանալիք «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչ փուլերի հատուկ հյուրերը։ Առաջին եւ երկրորդ մրցութային օրերի ընթացքում, բացի մասնակիցներից, հանդես կգան նաեւ հայտնի արտիստներ՝ Բրիտանիայից եւ Ուկրաինայից, այդ թվում՝ աշխարհահռչակ երգչուհի Ռիտա Օրան։  

Առաջին կիսաեզրափակիչն իր ելույթով կբացի հաղորդավարուհի Յուլիա Սանինան, որը կկատարի «Маяк» երգը։ Այդ օրը ելույթ կունենա նաեւ բրիտանացի հայտնի երգչուհի Ռիտա Օրան, որը կներկայացնի իր համաշխարհային հիթերից ծաղկաքաղ, ինչպես նաեւ նոր՝ Praising You երգը։ «Եվրատեսիլ 2010» մրցույթում Ուկրաինայի ներկայացուցիչ Ալյոշան եւս օրվա հյուրերի ցանկում է, որը ելույթ կունենա Լիվերպուլում հայտնի երգչուհի-երգահան Ռեբեկա Ֆերգյուսոնի հետ։

Երկրորդ կիսաեզրափակչին ելույթով հանդես կգան «Եվրատեսիլ 2014»-ում Ուկրաինան ներկայացրած Մարիա Երեմչուկը, ուկրաինացի ռեփեր OTOY-ը եւ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Ուկրաինայի ներկայացուցիչ՝ 14-ամյա Զլատա Ձյունկան։ Ինչպես հաղորդում է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական՝ Eurovision.tv կայքը, ուկրաինացի արտիստները ցույց կտան, որ տարբեր սերունդների ուկրաինացիների համար երաժշտությունը մի լույս է, որը հաղթահարում է խավարը։ Կայքի փոխանցմամբ՝ 67-րդ «Եվրատեսիլ»-ի եզրափակչի հատուկ ելույթները կհայտարարվեն ավելի ուշ։

«Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը՝ 13-ին։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 13-ին։ Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնում է Բրյունետը՝ Future Lover երգով, որը կատարելու է մայիսի 11-ին՝ երկրորդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվում է Լիվերպուլում։

Leave A Reply

Your email address will not be published.