Դիզայները մշակել է հագուստ, որը կրողներին ԱԲ-ով աշխատող տեսախցիկները չեն կարողանում նույնականացնել՝ համարելով, որ կենդանիներ են

0

Դիզայներ Ռեյչել Դիդերոն ստեղծել է հագուստի հավաքածու, որը կրելու դեպքում մեքենայական ուսուցման ալգորիթմներով աշխատող փողոցային տեսախցիկները չեն կարողանում նույնականացնել մարդկանց։

Ավելին, հագուստի նախշերի պատճառով ռեալ ժամանակում նույնականացում ապահովող Yolo համակարգի «աչքերում» Manifesto հավաքածուի հագուստը կրող մարդիկ նույնականացվում են որպես տարբեր կենդանիներ՝ կախված նրանից, թե որ նախշն է գերակշռում հագուստի վրա։

Ռեյչել Դիդերոն մի քանի աստիճան ունի դիզայնի ոլորտում, որոնք ստացել է երեք տարբեր դպրոցներում, ինչպես նաև մեքենայական ուսուցման ոլորտում դոկտորի գիտական աստիճան, որն ստացել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանից։

Նախագիծը ծնվել է 2019 թ․ Նյու Յորքում, երբ նա սովորում էր Նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտում։ Կալիֆոռնիայի համալսարանի ինժեներներից մեկի հետ զրույցի ժամանակ Դիդերոյի մոտ միտք է ծագել, թե ինչպես կարելի է նորաձևությունը ծառայեցնել մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը պաշտպանելու գործին։

Մի քանի ամսվա հետազոտության արդյունքում նա Filmar մանվածքի վրա հիմնված հատուկ գործվածք է ստեղծում, ինչը մարդկանց նույնականացնող համակարգերին փակուղի է մտցրել: Արտասովոր նախշերի շնորհիվ տեսախցիկները կարծում են, որ իրենց դիմաց կանգնած են զեբրեր, փղեր, ընձուղտներ կամ շներ և այդ պատճառով նույնիսկ չեն էլ փորձում անցնել անձի նույնականացման գործընթացին։

Դիդերոն իր հավաքածուն փորձարկել է YOLO ալգորիթմի վրա (You Only One Look), որն իր արագության շնորհիվ ճանաչում է ձեռք բերել որպես հոսքային տեսանյութերի վերլուծության գործիք: YOLO համակարգն աշխատում է այսպես․ մուտքագրվող պատկերը շերտավորվում է մի քանի իմաստային շերտերի, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է 4 նշանների։ Միայն վերջին շերտի արդյունքներն օգտագործելու փոխարեն, ալգորիթմը յուրաքանչյուր քայլում հաշվի է առնում բոլոր նախորդ շերտերի ելքային արդյունքը, ինչպես նաև բնօրինակը՝ դրանով իսկ մեծացնելով նույնականացման ճշգրտությունը։ Համապատասխանաբար, եթե, օրինակ, հագուստի վրա գերակշռում են ընձուղտի արտաքինին նմանվող նախշեր, ապա համակարգը որոշում է, որ գործ ունի ընձուղտի հետ և մարդուն այլևս չի նույնականացնում։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առնվազն 60% դեպքերում Manifesto-ի հագուստի տարրերից մեկը կրող մարդկանց համակարգը չի կարողանում նույնականացնել որպես մարդ: Այս ցուցանիշը, բնականաբար, կարելի է ավելացնել՝ օգտագործելով հավաքածուի ավելի շատ տարրեր, ինչպես նաև գլխարկներ և դիմակներ:

Ի դեպ, եթե արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT-ին հարցնեք, թե ինչպիսի հագուստ պետք է մարդը կրի, որպեսզի ԱԲ-ով աշխատող տեսանկարահանման համակարգերը չկարողանան նրան նույնականացնել, ապա նեյրոնային ցանցը մի քանի լրացուցիչ խորհուրդ է տալիս՝

  • Օգտագործել հագուստի ոչ ստանդարտ ձևեր, որոնք կարող են միաձուլվել ֆոնին և չեն տալիս մարմնի հստակ ուրվագիծը
  • Խուսափել հագուստի վրայի գրություններից, տարբերանշաններից և այլ գրաֆիկական տարրերի, որոնք կարող են հեշտացնել նույնականացումը:

Leave A Reply

Your email address will not be published.