Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

0

Աշխարհն ամեն տարի այս օրը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Բայց փետրվարի 15-ն արդեն հուսահատության օր չէ, այլ հույսի: Օրվա խորհուրդն է աջակցել քաղցկեղ ունեցող երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին, բարձրացնել մանկական քաղցկեղի մասին իրազեկությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ամեն տարի մինչև 19 տարեկանների շրջանում 400 հազար քաղցկեղի դեպք է ախտորոշվում, նրանցից 10-ից 9-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ բուժումը հաճախ անհասանելի է կամ  ոչ մատչելի:

Հայաստանում ամեն տարի մինչև 18 տարեկան 80-ից 100 երեխա է հիվանդանում քաղցկեղով, որոնցից մոտավորապես 40%-ը լեյկեմիաներն են: Բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է շուրջ 75-80% կատարյալ առողջացում մանուկների մոտ։

Մանկական քաղցկեղի ամենատարածված տեսակներից են լեյկոզը, գլխուղեղի ուռուցքը, լիմֆոման, սոլիդ ուռուցքները, ինչպիսին է նեյրոբլաստոման և Վիլմսի ուռուցքը: Պատճառները գերազանցապես անհայտ են և ոչ կանխարգելելի սկրինինգային ծրագրերով:

Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները մեր երկրում իրականացվում են պետական պատվերի շրջանակներում: Նաև ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը, այդ թվում ներդրվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշմանը, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայից (ՊԵՏ-ԿՏ) օգտվելու հնարավորությունը:

Օնկո-հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների և դեռահասների բուժման համար 2022թվականին պետությունը ձեռք է բերել կենսականորեն անհրաժեշտ 40 անվանում դեղ, այդ թվում ՀՀ-ում չգրանցված, 2021թ. ձեռք բերված 23-ի փոխարեն:

Հայաստանում նաև ստեղծվել է մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ ծառայությունը և պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության բաժանմունքը, որն ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով և աշխատում է շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով:

Leave A Reply

Your email address will not be published.