Հասարակածային Գվինեայում հայտարարել են Մարբուրգ վիրուսի՝ պատմության մեջ առաջին բռնկման մասին
Հասարակածային Գվինեայի իշխանությունները հայտարարել են Մարբուրգ վիրուսի՝ պատմության մեջ առաջին բռնկման մասին, տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Նշվել է, որ Քիենտեմ արեւմտյան նահանգում մահացել է առնվազն ինը մարդ։ Նախնական ուսումնասիրությունները վիրուսային հեմոռագիկ տենդի դրական արդյունք են տվել։ Այսօրվա դրությամբ գրանցվել է ենթադրվող վիրուսով վարակման 16 դեպք՝ տենդի, հոգնածության, արյան փսխման ախտանշաններով։
Ինչպես տեղեկացրել են ԱՀԿ-ում, Մարբուրգի վիրուսը մարդուն փոխանցվում է մրգային չղջիկների միջոցով եւ մարդկանց շրջանում տարածվում է վարակվածների կենսաբանական հեղուկների, ինչպես նաեւ մակերեսների նյութերի հետ անմիջական շփմամբ։ Ներկա պահին գրանցված պատվաստանյութեր կամ հակավիրուսային դեղամիջոցներ տենդի բուժման համար չկան, նշել են կազմակերպությունում։