Հայ 3D նկարիչներ․ «Սերեւան», «Armenian Tatik» եւ այլմոլորակայիններ Զվարթնոցում (ֆոտո)
3D լուսանկարչությունը, գրաֆիկական նկարազարդումները եւ վեբ դիզայնը զարգացող ոլորտներ են, որտեղ դուք կարող եք գտնել բազմաթիվ տաղանդավոր նկարիչների: Այսօր NEWS.am STYLE-ը կպատմի մի քանի հետաքրքիր հայ նկարազարդողների ու նրանց աշխատանքների մասին։
Նարեկ Մանուկյանը 3D լուսանկարիչ է, ում աշխատանքները մեկտեղում են տեղական ճարտարապետությունը, գիտաֆանտաստիկ եւ ֆանտաստիկ տարրերը։ Լուսանկարիչը նման ստեղծագործությամբ հետաքրքրվել է դեռ մանկուց, երբ նկարել է «սիրելի սուպերհերոսներին․ DVD նվագարկիչով միացրել է «Նինձյա-կրիաներ» մուլտֆիլմը, կանգնեցրել է սիրելի կադրերը, վերցրել թուղթ ու գրիչ եւ սկսել նկարել»։
Նկարչության, լուսանկարչության եւ գրաֆիկայի հանդեպ Նարեկի կիրքը չմարեց, այլ փոխեց միայն ձեւերն ու մոտեցումները։ Ինչպես լուսանկարիչն է խոստովանում՝ նա «սկսել է Երեւանի լուսանկարներից, որոնք տարբերվում էին նրանով, որ ես կա՛մ ավելացնում էի որոշ մանրամասներ, կա՛մ ամբողջությամբ փոխում լուսանկարները, ինչը դրանք եզակի էին դարձնում»:
Հետո ծագեց եւս մեկ ֆոտոշարքի գաղափար, որը ես անվանեցի «Սերեւան» (հայերեն «Սեր + Երեւան» — խմբ.): «Սեւան» ֆոտոշարքը ներառում էր հեռախոսով արված քաղաքի լուսանկարները՝ պատկերազարդ կերպարների ավելացմամբ։
Լուսանկարչությունն օգնել է Նարեկին իրացնել ստեղծագործական ողջ ներուժը: Նրա առաջին տեսախցիկը եղբոր նվերն է եղել, եւ հեղինակը միշտ ուներ շատ ոգեշնչումներ ու գաղափարներ. «Ես կարող եմ ոգեշնչվել շատ տարբեր բաներից, ինչպիսիք են արտիստներին, կամ պարզապես ֆիլմեր դիտելը, կամ ցնցուղ ընդունելն ու սպասելը, որ կվառվի «լամպը»՝ նորի եւ հետաքրքրականի»:
Լուսանկարչի ստեղծագործություններում կարելի է հանդիպել նաեւ մռայլ Երեւանը, որտեղ հեղինակը ցանկացել է ցույց տալ անհույս իրականության որոշ պահեր։
Նարեկը վստահ է. «Միգուցե ես չկարողանամ ինչ-որ բան փոխել, բայց իմ լուսանկարները կկարողանան ինչ-որ բան փոխել այն մարդկանց մեջ, ովքեր կարող են իրականությունը նույնիսկ մի փոքր ավելի լավը դարձնել»:
Մարետա Այվազյանը գրաֆիկ նկարիչ է, ով ստեղծում է նկարազարդումներ, որոնք շատ լավ կարող են լինել մանգայի եւ գրաֆիկական նովելների մաս:
Ինքը՝ Մարետան, իրեն համարում է որպես «Հայաստանում անկախ նկարիչ եւ ազատ գրաֆիկական դիզայներ»։ Մարետայի որոշ նկարազարդումներ պաստառներ են, իսկ որոշները կարող են պատմել մի ամբողջ պատմություն ու լինել ինքնաբավ նկարներ:
Նկարչուհու ստեղծագործություններից է «Armenian Tatik»-ը, որը տարեց կնոջ նկարազարդումն է՝ կատուն ուսին, նստած հարմարավետ խոհանոցով։ Նկարազարդումները «նվիրված են մեր քաղցր, հոգատար եւ սիրող, իսկ երբեմն էլ շատ խորհրդանշական տատիկներին: Սա հարգանքի տուրք է բոլոր այն տատիկներին, ովքեր մեծացրել են մեզ եւ միշտ մեր կողքին են՝ անկախ ամեն ինչից»,- բացատրել է նա։
Նկարազարդումը լի է գաթայի, նռան, ծիրանի, խաղողի, գորգի դետալներով. դրանք բոլորը ենթադրում են հայկական մշակույթի ջերմությունն ու իսկությունը, ինչպես նաեւ հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հայկական կյանքի մասին:
Այս շարքի երկրորդ նկարազարդումը նվիրված է տատիկին, ով սպասում է՝ թոռները գան տնական թխվածքներ ու լավաշ համտեսելու։
Մարետայի խոսքով՝ իր տատիկը «այնքան է իմ մասը, որքան ձեռքերս»։
Նկարչուհու ստեղծագործությունների մյուս շարքը «Night Maras» թվային նկարազարդումն է, որը ստեղծվել է որպես նկարչի գիշերային մղձավանջների ներկայացում։
Նկարազարդումները դարձել են անհանգստության եւ սեփական վախերի հաղթահարման մի տեսակ թերապեւտիկ միջոց:
Արթուր Գեւորգյանը գրաֆիկ դիզայներ է՝ վեբ դիզայնից մինչեւ բրենդինգ աշխատանքի լայն պրոֆիլով։
Դիզայների հավաքածուն ներառում է տարբեր թեմաներով ոճավորված նկարազարդումներ։ Ահա Զվարթնոցի հին շենքը, որի վրա հանգչում են տիեզերագնացն ու այլմոլորակայինը, եւ օվկիանոսի կորալային խութերի վերեւում նստած մարդու հունահռոմեական քանդակն ու ընկերությունների կոմերցիոն նկարազարդումները։