Ռուսաստանցի Նիկիտա Պոլուխինը՝ «Ալաշկերտի» մարզական տնօրեն

0

«Ալաշկերտի» սպորտային տնօրեն է նշանակվել 28-ամյա ռուսաստանցի Նիկիտա Պոլուխինը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նա ֆուտբոլային գործունեությունը սկսել է 2017-ին՝ համալրելով Մոսկվայի «Արարատի» սելեկցիոն բաժինը, այնուհետև նույն աշխատանքը կատարել է հայկական ծագումով ռուսական «Վիստա» ակումբում՝ բացահայտելով երիտասարդ տաղանդների Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից:

Պոլուխինը նաև Հայաստանում աշխատելու փորձ ունի: Մինչև 2021 թվականը սկաուտի գործառույթներ է կատարել «Ուրարտուում», իսկ 2021-2022-ին գլխավորել է «Նորավանքի» սելեկցիոն բաժինը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանին՝ վստահության համար:

«Ալաշկերտը» հաղթական ավանդույթներով ուժեղ ակումբ է: Ամեն ինչ կանեմ թիմի նոր հաջողություններին նպաստելու համար: Սա նոր մարտահրավեր է, որը պետք է պատվով հաղթահարել:

Աշնանային հատվածից հետո թիմը լքեցին մի շարք ֆուտբոլիստներ, այդ իսկ պատճառով Վահե Գևորգյանի գլխավորած մարզչական շտաբի հետ միասին հիմնովին սելեկցիա ենք կատարում՝ բացերը լրացնելու և թիմը էլ ավելի ուժեղացնելու համար:

Կարող եմ ասել, որ սելեկցիոն աշխատանքները բավականին հաջող են ընթանում: «Ալաշկերտի» կազմն արդեն համալրել են փորձառու, լավ ակումբներում և առաջնություններում խաղալու փորձ ունեցող ֆուտբոլիստներ:

Վստահ եմ, որ բոլորս միասին կհասնենք մեր առջև դրված նպատակներին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Պոլուխինը:

«Ալաշկերտը» փետրվարի 1-ին ստուգողական հանդիպում կանցկացնի ռուսական «Ենիսեյի» հետ։

Leave A Reply

Your email address will not be published.