Պոդիումի հակառակ կողմը․ մոդելինգի հայկական իրականության ու մոդելների վերաբերյալ «ամենահիմար» կարծրատիպերի մասին (ֆոտո)

0

Հիմար են, դատարկ, զուրկ բարոյականությունից եւ ինտելեկտից․․․ Տարիներ շարունակ ինչեր ասես, որ չեն լսել մոդելներն իրենց մասնագիտության հասցեին․ վերը նշվածը կարծարատիպերը միայն մի քանի օրինակ են, որոնք միավորում են աշխարհի բոլոր մոդելներին։ Նույնիսկ, ամենահայտնի մոդելները ստիպված են եղել պայքարել այս մասնագիտությամբ աշխատող բոլոր կանանց մասին անհիմն ընդհանրացումների դեմ։ Պայքարել՝ ցուցադրելով այն ուժն ու հնարամտությունը, որը թաքնված է գայթակղիչ մասնագիտության ու յուրահատուկ արտաքինի ետեւում։ 

«Մեզ հաճախ ասում են՝ դու չես կարող ունենալ եւ ուղեղ, եւ գեղեցիկ մարմին․ իմ հաղորդագրությունն այն է, որ դու կարող ես քսել կարմիր շրթներկ ու գանգրացնել վարսերդ՝ միեւնույն ժամանակ մնալով ուժեղ։ Կարիք չկա, որ մեկը փոխարինես մյուսով»,-անդրադառնալով մոդելների ու գեղեցիկ կանանց մասին ընդհանուր կարծիքին՝ ասել է աշխարհահռչակ սուպերմոդել Թայրա Բենքսը։

Հայաստանում մոդելները կրկնակի շատ են բախվում տարատեսակ կարծարատիպերի։ Թեեւ Աղջիկներից շատերը սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, ձեռք են բերում այլ մասնագիտություն եւ մոդելինգին զուգահեռ աշխատում են տարբեր ոլորտներում, խոստովանում են՝ երբ իրենց տեսնում են պոդիումին քայլելիս, որեւէ բրենդի գովազդային արշավներում կամ գեղեցկության մրցույթներում, առաջին բանը, որ մտածում են՝ մոդել է՝ բոլոր կարծրատիպերով հանդերձ։

Մոդելինգի մասին պատկերացումներից մինչեւ ամենատարածված բնորոշումների մասին NEWS.am STYLE-ը զրուցել է Հայաստանի հայտնի մոդելներից մի քանիսի հետ:

«Ամենահիմար կարծրատիպը հենց այն է, թե մոդելները հիմար են». Լյուսի Հայրապետյան

Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանին այսօր կարելի է տեսնել եւ ամենահեղինակավոր ցուցադրություններին, եւ ֆոտոարշավներում եւ, նույնիսկ, տարբեր հեռուստանախագծերում, սակայն մասնագիտությամբ լեզվաբան Լյուսին կարիերայի սկզբում ոչ մի երազանք ու սպասում չի ունեցել մոդելային ասպարեզից։

«Ես, առհասարակ, երբեք չեմ ծրագրել մոդելինգով զբաղվել, ամեն ինչ եղել է ինքնահոս։ Շատ անսպասելի հայտնվել եմ մի խաղում, որտեղ պետք էին մոդելներ, այդտեղից էլ սկսվել է իմ կարիերան»,-հիշում է նա,-«Իրականությունն ինձ դուր էր գալիս․ ճիշտ է՝ շատ դժվարություններ եմ ունեցել՝ սկսած նրանից, որ դրսում կարող էիր մրսել, անշարժ կանգնել՝ կրակը ձեռքիդ․․․ Պետք էր նաեւ ունենալ այլ աշխատանք, քանի որ միայն մոդելինգով հնարավոր չէր ապրել, օրինակ՝ ֆլայերներ բաժանել, որը եւս մոդելի գործունեության մեջ էր մտնում, չնայած՝ միջազգային շուկայում, կարծես, դա ընդունված չէ։ Ամեն դեպքում, ես սիրել եմ այդ ասպարեզը, եւ, չնայած հիմա ավելի հաճախ հաղորդավարական գործունեություն եմ ծավալում, մոդելինգը մնում է իմ ամենասիրելի ոլորտը»։ 

Մոդել լինելը մասնագիտություն է, եթե լինես միջազգային շուկայում, բայց Հայաստանում այս մասնագիտության մեջ դեռ չեն հասել այն մակարդակին, որ միայն մոդել լինելով կինը կարողանա ապրուստ վաստակել՝ ասում է Լյուսին։ 

«Մոդելինգն իմ պարագայում հոբբի է եղել, ես սովորել եմ Վալերի Բրյուսովի անվան համալսարանում, մասնագիտացել օտար լեզուների ոլորտում, կատարել եմ թարգմանություններ, այդ առումով ինձ համար հեշտ է եղել։ Բայց շատ ընկերներ ունեմ, որոնք միայն մոդելինգով են զբաղվում, եւ շատ պարզ տեսնում եմ, որ միայն դրանով չես կարող լավ ապրել»։

Մոդելինգը, Լյուսիի խոսքով, իրեն չի օգնել ազատվել բարդույթներից, հակառակը՝ որոշ իրավիճակներում նպաստել է դրանց սրմանը, օրինակ՝ երբ քասթինգը չի անցել, երբեմն՝ նաեւ ցուցադրությունների ժամանակ․

«Մոդելինգն, այնուամենայնիվ, օգնում է հասկանալ, որ դու եզակի ես, պետք չէ լինել կատարյալ, դու քո տեսակի մեջ ես լավը։ Իսկ բարդույթներից ձերբազատվել առաջնահերթ օգնում են կյանքի փորձը, կյանքում քեզ պատահած մարդիկ, քո շրջապատը ու ինքդ քեզ վրա աշխատելը»։

Լյուսին համաձայն չէ նաեւ այն տարածված կարծիքին, թե մոդելների միջեւ չի կարող լինել անկեղծ ընկերություն։ Սեփական փորձով է համոզվել, որ դա միֆ է․

«Իհարկե, ունեցել եմ նաեւ անհաջող ընկերներ, բայց դա մոդելինգի հետ կապ չունի։ Չուզողությունը, նախանձը՝ մարդկային որակներ են՝ անկախ մասնագիտությունից»,-վստահ է նա,-«Բայց ամենահիմար կարծրատիպը, թերեւս, այն է, թե մոդելները հիմար են։ Սխալ է, չկա նման բան։ ինձ եւ քրոջս բազմիցս ասել են՝ վա՜յ, դուք բացարձակ նման չեք մոդելների։ Լո՞ւրջ․ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մոդելը։ Աշխարհահռչակ շատ մոդելներ կան, որոնք այնքան կիրթ են ու խելացի․․․ Ընթերցելով նրանց հարցազրույցները՝ միանգամից կարող ես դա հասկանալ։ Ասում են նաեւ, թե մոդելները հեշտ հասանելի են։ Ես այնքան մոդելների եմ ճանաչում, որոնք բացարձակ հասանելի չեն, իրենց արժեքը շատ լավ գիտեն եւ երբեք չեն լինի ծախու կամ անարժան մարդկանց կողքին»։ 

Չնայած համարձակ ֆոտոշարքերին ու տեսանյութերին՝ Լյուսին ասում է՝ մոդել լինելը չի խանգարում իրեն նաեւ անձնական կյանքում․

«Կարող եմ օրինակ բերել իմ լավ ընկերներից մի քանիսին, որոնք ամուսնացել են եւ դրանից հետո էլ շարունակում են իրենց մոդելային գործունեությունը։ Անուններ չեմ ցանկանում նշել, բայց վստահեցնում եմ, որ նրանց ամուսնությունը շատ հաջող է, ունեն հրաշալի, լավ հայ ամուսիններ։ Իմ դեպքում էլ երբեք չի եղել նման պահանջ, որ թողնեմ մոդելինգը, եւ ով էլ եղել է իմ կողքին, տեսել է, որ ես շատ աշխատասեր եմ եւ զբաղվում եմ իմ սիրելի աշխատանաքով»։

«Ես երբեք չեմ հանդիպել հիմար տղամարդկանց հետ»․ Թերեզա Մարտիրոսյան

Ի տարբերություն Լյուսիի՝ Թերեզա Մարտիրոսյանը, նախքան մոդելինգով զբաղվելն, ունեցել է մի շարք պատկերացումներ ու նպատակներ․ դրանցից ոմանք կապանցի աղջիկը կարողացել է կյանքի կոչել, որոշները՝ իր իսկ խոսքով՝ ոչ․

«Կարծում էի, թե Հայաստանից դուրս ավելի շատ կաշխատեմ, բայց այն, ինչի հասել եմ Հայաստանում, չունենալով ծանոթներ ու լինելով փոքրիկ քաղաքից, արդեն իսկ շատ բան է ասում։ Ես հպարտ եմ ինձանով։ Իրականում ամեն ինչ այնպես էր, ինչպես պատկերացնում էի, բացի ֆինանսականից։ Այս ոլորտում կարեւոր է ունենալ երկրորդ, նույնիսկ՝ երրորդ մասնագիտություն»,-NEWS.am STYLE-ին ասում է Թերեզան։ 

Մոդելինգն, ըստ Թերեզայի, օգնում է ձերբազատվել բարդույթներից ու լինել ավելի լավը․

«Այն աղջիկներն ու տղաները, ովքեր սովորել են բեմական խոսք, պահվածք եւ դեֆիլե, տարբերվում են։ Դու սկսում ես տարբեր մարդկանց հետ աշխատել՝ դիզայներներ, ոճաբաններ, դիմահարդարներ, վարսահարդարներ, սովորում ես քեզ ճիշտ ներկայացնել, ինչը շատ կարեւոր է»։

Թերեզան եւս համաձայն է, որ մոդելների միջեւ կարող է լինել ընկերություն, բայց այդ ամենին փոքր-ինչ զգուշությամբ ու վերապահումով է մոտենում․

«Ընկերություն կա բոլոր այն տեղերում, որտեղ դու ցանկանում ես դա տեսնել, բայց նաեւ պետք է չմոռանալ, որ ցանկացած քասթինգի ժամանակ յուրաքանչյուրս ցանկանում ենք, որ հենց մեզ ընտրեն (ծիծաղում է․ հեղ)»։ 

Բոլոր մոդելները հիմար են, կամ՝ «փչացած»․ սա, Թերեզայի կարծիքով, մոդելների մասին ամենաընդհանրական ու թյուր կարծիքն է,-«Պարտադիր չէ մոդել լինել, այլ մասնագիտության տեր մարդկանց մեջ էլ կան հիմարներ եւ փչացածներ»,-ասում է մոդելը, որի սիրելի մասնագիտությունը երբեք խոչընդոտ չի հանդիսացել հարաբերություններում եւ անձնական կյանքում․

«Ես երբեք չեմ հանդիպել հիմար տղամարդկանց հետ։ Իսկ եթե ավելի լուրջ, ես գիտեմ՝ ուր գնալ, ինձ ինչպես դրսեւորել։ Եթե խորհրդի կարիք ունենամ, անպայման կդիմեն, բայց կարծում եմ՝ իմ ընտրյալը պետք է ուրախ լինի, որ ինձ ունի, մնացած խնդիրներն իր գլխում կարող են լինել։ Ավելի ճիշտ կլինի, որ նրա կողմից ունենամ քաջալերում։ Եթե ինքս գամ որոշման, իհարկե, կընտրեմ ընտանիքս, եթե ստիպված՝ ապա ոչ»։

«Այլ ոլորտներում ավելի շատ եմ հանդիպել հասանելի աղջիկների, քան մոդելների մեջ»․ Դայանա Դավթյան

Պոդիում ու վառ լույսեր․ այսպես է պատկերացրել մոդել լինելը «Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր Դայանա Դավթյանը,-«Հենց այդպիսին էր ամեն բան նաեւ իրականում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշում է «Միսս Տիեզերք 2019»-ում Հայաստանի պատվիրակը։

Չնայած ասպարեզում ունեցած հաջողություններին ու ամենահեղինակավոր մրցույթին մասնակցությանը՝ մոդելինգը Դայանայի համար երբեք չի եղել հիմնական մասնագիտություն։ Նա ավարտել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ստանալով դիզայներական կրթություն։

«Ինձ համար մոդելինգը հոբբի է, եւ կարծում եմ՝ պետք է ունենալ հիմնական զբաղմունք, մասնագիտություն, քանի որ մոդելինգը Հայաստանում չի կարող լինել հիմնական աշխատանք»։

Դայանան իր հարցազրույցներում նշել է, որ բարդութավորված երբեք չի եղել, այդ պատճառով էլ հստակ չկարողացավ հիշել՝ արդյոք մոդել դառնալուց հետո ավելի՞ ինքնավտահ է դարձել, բայց մի բան հստակ է՝ դեմ է մոդելների մասին տարածված կարծրատիպերին եւ իր ամեն քայլով փորձում է կոտրել դրանք։ Ըստ Դայանայի՝ այդ կարծրատիպերից մեկն էլ այն է, թե մոդելները միմյանց հետ լավ ընկերներ չեն կարող լինել։

«Շատ եմ լսել նաեւ այլ հիմար կարծրատիպեր մոդելների մասին` թե որ վերջիններս անխելք են, հեշտ հասանելի են եւ այլն: Ուզում եմ ասել, որ 7 տարի է, ինչ զբաղվում եմ մոդելինգով, շփվել եւ ճանաչում եմ Հայաստանի բոլոր պրոֆեսիոնալ մոդելներին եւ, վստահաբար, կարող եմ ասել, որ այլ ոլորտներում ավելի շատ եմ հանդիպել հասանելի աղջիկների, քան մոդելների մեջ»։

Դայանան դեռեւս չի կանգնել ընտանիքի եւ մոդելային կարիերայի ընտրության առաջ, սակայն հանուն անձնական երջանկության՝ պատրաստ է գնալ զիջումների․

«Ինձ համար մոդելինգը ինքնանպատակ չէ եւ ոչ էլ՝ կյանքի իմաստ: Ես հասել եմ իմ մանկական երազանքին՝ հաղթել եմ «Միսս Արմենիա» մրցույթում, ներկայացրել եմ Հայաստանն աշխարհի ամենահեղինակավոր հարթակում եւ արդեն, կարելի է ասել, «հավեսս հանել եմ» այս ասպարեզից (ծիծաղում է․ հեղ)։ Բայց դա չի նշանակում, որ դուրս եմ եկել ասպարեզից եւ այլեւս չեմ զբաղվելու մոդելինգով: Սակայն, եթե իմ երկրորդ կեսին դա դուր չգա, ինձ համար առաջնահերթ կլինի անձնական երջանկությունս»:

Մոդելների ու մոդելինգի մասին կարծիքները շատ են, հակասությունները՝ եւս։ Սակայն այդ պնդումները տարեցտարի, բարեբախտաբար, կորցնում են իրենց արդիականությունը, իսկ «պատճառը» ուժեղ եւ գեղեցիկ կանայք են, որոնք իրենց աշխատասիրությամբ ու փորձով ապացուցում են՝ գեղեցիկը չունի սահմաններ, մոդելինգն այլեւ չունի չափանիշներ, իսկ խելացի մարդը խելացի է՝ անկախ մասնագիտությունից, սեռից, արտաքինից ու ֆիզիկական այլ առանձնահատկություններից։

Սյունե Առաքելյան

Leave A Reply

Your email address will not be published.