Ոսկեգույն ստաֆիլոկոկը կարող է օգնել SARS-CoV-2-ի բազմացմանը
S. aureus ոսկեգույն ստաֆիլոկոկը լաբորատոր պայմաններում նպաստում է SARS-CoV-2 վիրուսի բազմացմանը, պարզել են Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է iScience ամսագրում։
S. aureus ոսկեգույն ստաֆիլոկոկը հաճախ տարբեր շնչառական հիվանդությունների ժամանակ դառնում է երկրորդային բակտերիալ վարակի պատճառ։ Ավելի վաղ կատարված հետազոտություններում ցույց է տրվել, որ մանրէները եւ վիրուսները կարող են փոխգործակցել մոլեկուլյար մակարդակում՝ նպաստելով միմյանց բազմացմանը։
Նոր հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են մետիցիլինի հանդեպ կայուն S. aureus (MRSA) ստաֆիլոկոկի եւ SARS-CoV-2-ի (USA300 LAC շտամ) միջեւ փոխկապվածությունը եւ հայտնաբերել, որ մանրէն 10 անգամ բարձրացրել է վիրուսի բազմացման արագությունը էպիթելային բջիջներում։ Ընդ որում՝ վիրուսը զգալի ազդեցություն չի գործել բակտերիալ աճի վրա։
isdA ստաֆիլոկոկի գենետիկ տարբերակն ապահովել է մանրէների պրովիրուսային էֆեկտը։ Այս գենի արտադրանքի վրա ազդող դեղերը կարող են քայքայել բակտերիալ սպիտակուցների եւ շնչառական վիրուսների փոխգործակցությունը։ Հետազոտության արդյունքները դեռ պետք է ստուգել կենդանի օրգանիզմների վրա։