Դեկտեմբերի 22-ի գիշերն սպասվում է Ուրսիդիսի աստղաթափի ակտիվության գագաթնակետը, որը կհամընկնի ձմեռային արևադարձի հետ

0

Դեկտեմբերի 22-ի գիշերը սպասվում է Ուրսիդիսի ասուպների հոսքի ակտիվության գագաթնակետը․ ըստ գիտնականների՝ այդ գիշեր մեկ ժամում կարելի է տեսնել մինչև 10 ընկնող երկնաքար, որոնց արագությունը կհասնի 33 կմ/վրկ-ի։ Այս երևույթն այս տարի համընկնում է ձմեռային արևադարձի և տարվա ամենաերկար գիշերվա հետ։

Ուրսիդիսի ասուպների հոսքն սկսվում է դեկտեմբերի 17-ին և սովորաբար տևում է մոտ մեկ շաբաթ: Տարբեր տարիների ակտիվության գագաթնակետը տեղի է ունենում տարբեր օրերի. Օրինակ՝ 2005 թ․ աստղաթափի առավելագույն ակտիվությունը գրանցվել է դեկտեմբերի 20-ին։ Հետաքրքիր է, որ նախկինում աստղաթափը շատ ավելի ակտիվ էր, քան վերջին տարիներին: Օրինակ՝ 1945 թ․ աստղագետները գրանցել են մեկ ժամում մինչև 120 ընկնող երկնաքար, մինչդեռ այժմ, ինչպես արդեն նշվեց, ժամում կարելի է տեսնել միայն մոտ 10 երկնաքար:

Ուրսիդիսի ասուպների հոսքին կարելի է հետևել միայն Հյուսիսային կիսագնդից: Ռադիանտը՝ տարածքը, որտեղից սկսվում է երկնաքարերի անկումը, գտնվում է երկրագնդի հյուսիսային բևեռի մոտ՝ Փոքր արջի համաստեղությունում (լատին․՝ Ursa Minor («Փոքր արջ»), նրա անունով էլ կոչվել է աստղաթափը): Ուրսիդիսի ասուպային հոսքի նախահայրը Թաթլ գիսաստղն է (8p/Tuttle), որը հայտնաբերել է ֆրանսիացի աստղագետ Պիեռ Մեշենը 1790 թ․ հունվարի 9-ին։

Դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով ժամը 01:08-ին, ձմեռային արևադարձի օրն է։ Ինչպես տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանը այդ օրը Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ ամենացածր կետով, ինչն էլ աստղագիտական ձմռան սկիզբն է համարվում: Այդ ժամանակ դիտվում են տարվա ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը (մոտ 7 ժամ 7 րոպե), իսկ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր:

Ձմեռային արևադարձից հետո օրերն սկսում են աստիճանաբար երկարանալ, իսկ գիշերները՝ կրճատվել։

Leave A Reply

Your email address will not be published.