Ապագայի էկրանը. Rælclear-ը թափանցիկ է և ինֆորմացիան ցույց է տալիս երկու կողմից
Թափանցիկ էկրան, որը պատկերը ցուցադրում է երկու կողմից. եթե հավատանք գիտաֆանտաստիկ ֆիլմերին, ապա այսպիսին կլինեն ապագայի էկրանները։ Այսօր հենց այսպիսի էկրանի մասին է հայտարարել Japan Display ընկերությունը, որն ստեղծվել է Hitachi-ի, Toshiba-ի և Sony-ի համատեղ ջանքերով:
Rælclear անունն ստացած 20,8 դյույմանոց LCD էկրանն ունի լույսի թողունակության աշխարհում ամենաբարձր ցուցանիշը՝ 84%: Էկրանը թափանցիկ է, և դրա միջոցով կարելի է տեսնել նույնիսկ այլ մարդկանց դեմքի արտահայտությունը: Բացի դրանից, ըստ արտադրողի, էկրանն ապահովում է «երկկողմանի եզակի հաղորդակցություն»։
Էկրանը 1280 x 720 լուծաչափ ունի, պատկերի թարմացման հաճախականությունը՝ մինչև 120 Հց, առավելագույն պայծառությունը՝ 300 քդ/մ2, կա նաև 4096 գույնի աջակցություն։
Ինչպես նշում է ithome.com-ը, էկրանը ֆիզիկապես կցուցադրվի CES 2023 միջոցառման ժամանակ, որը մեկնարկում է հունվարի 5-ին ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում։ Այնտեղ այցելուները հնարավորություն կունենան նաև համոզվել, թե ինչպիսին է ապագայի ինտերակտիվ հաղորդակցությունը, երբ արհեստական բանականությունը ծառայություններ կմատուցի էկրանի երկու կողմերում գտնվող մարդկանց միաժամանակ։
Japan Display-ը նախկինում թողարկել էր նմանատիպ էկրանի 12,3 դյույմանոց տարբերակը, սակայն 20,8 դյույմանոց տարբերակը տարբերվում է ոչ միայն չափերով, այլև նրանով, որ դրանում օգտագործվել է օրիգինալ տեխնոլոգիա, որը կրկնապատկում է թարմացման հաճախականությունը և նվազեցնում թարթումները: Էկրանի նոր տարբերակը երկու անգամ ավելի պայծառ է, քան 12,3 դյույմանոց էկրանը՝ նոր լուսադիոդների կիրառման շնորհիվ:
Նոր Rælclear-ի զանգվածային արտադրությունը նախատեսված է 2023 թ․ աշնանը։