Wildberries-ն սկսել է Հայաստանից ապրանքների ուղիղ վաճառքն այլ երկրներ

0

Wildberries ինտերնետային խանութն սկսել է Հայաստանից ապրանքների ուղիղ վաճառք այլ երկրներ․ այսուհետ Հայաստանում գործող ձեռնարկատերերը կարող են այս հարթակի միջոցով իրենց արտադրանքի ուղիղ վաճառք կազմակերպել այլ երկրներում, որտեղ հարթակը գործում է։ Առաջին այդպիսի երկիր է դարձել Ռուսաստանը, RIA Novosti-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Wildberries-ը հնարավորություն է ստեղծում հայաստանցի ձեռներեցների համար ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել այլ երկրներում, որտեղ հարթակը գործում է, Ռուսաստանը դարձավ առաջին երկիրը: Դրա շնորհիվ Հայաստանի արտադրողները կկարողանան ընդլայնել իրենց արտադրանքի տեսականին առցանց հարթակում և ավելացնել եկամուտները»,- ասել են ընկերությունից։

Ըստ այդմ՝ պատվերներն ստանալուց հետո վաճառողները դրանք բերում են ընկերության՝ Երևանում գտնվող պահեստ, ինչից հետո կայքի լոգիստիկ ծառայությունը դրանք առաքում է գնորդներին։ Միևնույն ժամանակ, վաճառողների համար առևտրային միջնորդավճարը կազմում է 3%՝ կախված ապրանքների կատեգորիայից։

Հիշեցնենք, որ Հայաստանում Wildberries-ն իր առաջին լոգիստիկ կենտրոնը բացել է այս տարվա մայիսի կեսերին, ինչը հնարավորություն է տվել հարթակում տեղական բիզնեսի արտադրանքի ուղիղ վաճառք իրականացնել։ 2020-ից մինչև 2021 թ․ ընկած ժամանակահատվածում Wildberries-ն ուղիղ վաճառք է սկսել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների համար:

Ընկերությունից նշել են, որ առցանց հարթակում Հայաստանից ապրանքները մեծ պահանջարկ ունեն՝ այս տարվա 11 ամիսների ընթացքում դրանց վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 71%-ով՝ հասնելով 290 մլն ռուբլու (1.7 մլրդ դրամ)։ Առավել դինամիկ կերպով աճում է այնպիսի ապրանքների պահանջարկը, ինչպիսիք են աքսեսուարները (+958%), կոսմետիկան և օծանելիքը (+449%), կենցաղային ապրանքները (+312%), մթերային ապրանքները (+276%) և նորածինների հագուստը (+267%)։

Wildberries-ը մանրածախ առևտրի ռուսական խոշորագույն առցանց հարթակ է, որը հիմնվել է 2004 թ․։ Բացի Ռուսաստանից, այն ծառայություններ ունի 15 այլ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում, Իտալիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Լեհաստանում, Սլովակիայում, Իսպանիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում և Ուզբեկստանում։ Ընկերությունն ունի ավելի քան 48,000 աշխատակից։ Wildberries-ը վաճառում է 37,000 ապրանքանիշի հագուստ, կոշիկ, կոսմետիկա, կենցաղային ապրանքներ, մանկական ապրանքներ, էլեկտրոնիկա, գրքեր, զարդեր, սնունդ և այլն։ 

Leave A Reply

Your email address will not be published.