«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան (ֆոտո)
«Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան այսօր՝ դեկտեմբերի 9-ին, նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի դեսպան։ Մալենան ՅՈՒՆԻՍԵՖ-ին եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին միացել էր Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հասարակակն խորհրդի մեկնարկին։
«Դեռահասությունը հատուկ ժամանակաշրջան է երեխայի կյանքում, եւ ինչպես ասում են՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ում՝ հնարավորությունների կարեւոր պատուհան՝ օգնելու երեխաներին զարգացնել ապագայի համար անհրա-ժեշտ շատ կարեւոր հմտություններ եւ կարողություններ։ Մենք աշխատում ենք մի շարք նախաձեռնությունների վրա՝ երիտասրդներին հզորացնելու, նրանց 21-րդ դարի հմտություններ սովորեցնելու, համայնքային խնդիրներին մասնակցությունը խթանելու եւ նրանց ձայնը լսելի դարձնելու համար՝ կլիմայի փոփոխության, հոգեկան առողջության եւ շատ այլ կարեւոր հարցերի շուրջ։ Ես ուրախ եմ ողջունելու Մալենային ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմում՝ որպես մեր նոր դեսպան։ Միասին մենք կանենք հնարավորը, որպեսզի երիտասարդների ձայնը լսելի դառնա»,-իր խոսքում նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
15-ամյա Մալենան ՅՈՒՆԻՍԵՖ-ի ամենաերիտասրդ ազգային դեսպանն է։ Երգչուհին նշեց, որ ոգեշնչված է ու պարտավորված այս նշանակման առթիվ։
«Արդեն հասցրել եմ հանդիպել երիտասարդների, ովքեր այնքան շատ բան գիտեն կլիմայի փոփոխության մասին, երիտասարդների, ովքեր իրենց առօրյա խնդիրների հետ մեկտեղ կարողացել են թիմ կազմել, վեր հանել համայնքի խնդիրներից մեկը, նախագիծ գրել՝ լուծելու այդ խնդիրը՝ բարելավելու համայնքային կյանքը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ աշխատանքն ինձ հնարավորություն կտա հանդիպելու Հայաստանի տարբեր անկյուններում ապրող երիտասարդների ու երեխաների հետ՝ ավելն իմանալու նրանց խնդիրների ու հնարավորությունների մասին։ Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան՝ ես պարտավորվում եմ բարձրաձայնել այդ մտավախություններն ու խնդիրները եւ երիտասարդների ու երեխաների ձայնն ավելօ բարձր հնչեցնել»,-նշեց Մալենան։
Մալենան արդեն մասնակցել է մի շարք դասընթացների։ Ավելի վաղ Հայաստանին հաղթանակ բերած 15-ամյա երգչուհին ներկա էր գտնվել UPSHIFT երիտասարդական նախաձեռնության փակման արարողությանը։ Այս նախաձեռնության միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է երիտասարդների կյանքի հմտությունների զարգացմանը եւ քաջալերում նրանց ակտիվ լինել իրենց համայնքներում՝ դառնալվ փոփոխություններ իրականացնողներ։
Սյունե Առաքելյան
Մելինե Տոնոյան