«Կենտրոնական բեմը նման է հոլին, իսկ նրա շուրջ լույսով թելերն են»․ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բեմի վերջնական տեսքը (ֆոտո)
Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բեմի վերջնական տեսքը։ Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի Ֆեյսբուքյան էջից։
«Ահա եվ եվրատեսիլյան բեմը: Բոլոր նրանք, ովքեր հավատում են հրաշքին, կգտնեն այն հենց եվրատեսիլյան բեմում։
«Մանկական եվրատեսիլ 2022-ի» բեմը, ինչպես և խորհրդանիշը, նույնպես կառուցված է հրաշքի շուրջ։ Կենտրոնական բեմը նման է հոլին, իսկ նրա շուրջ լույսով թելերն են, որոնք փոխանցելու են յուրաքանչյուր ելույթի էներգիան»։
Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման պաշտոնական արարողությունը: Այդ օրը մրցույթի բոլոր 16 երկրների մասնակիցները կքայլեն կարմիր գորգով եւ միասին կվառեն Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը:
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ի առթիվ Երեւան են ժամանելու մրցույթի տարբեր տարիների հաղթողները, որոնք ելույթ են ունենալու դեկտեմբերի 5-ին, իսկ մրցույթի 16 մասնակիցները կարմիր գորգով քայլելուց հետո հրավիրվելու են Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ որոշվելու է նրանց ելույթների հերթականությունը:
Հիշեցնենք, որ միջանկյալ ակտերում ելույթ են ունենալու նաև «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը և «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթած Մալենան:
Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: