Հիպերտոնիան 22 տոկոսով բարձրացնում է COVID-19-ի «ծանր» ընթացքի հավանականությունը. հետազոտություն

0

Հիպերտոնիան միջինը 22 տոկոսով բարձրացնում է COVID-19-ի ծանր ձեւերի առաջացման հավանականությունը, իսկ հատկապես բարձր ճնշում ունեցող մարդկանց համար այդ հավանականությունն ավելանում է կրկնակի։ Եվրոպացի գիտնականների այս եզրահանգումները հրապարակվել են PLoS One ամսագրում։

SARS-CoV-2 վիրուսը ամենից հաճախ խոցում է այն մարդկանց, որոնք տառապում են դիաբետով, ճարպակալմամբ եւ սրտի քրոնիկական հիվանդությամբ։ Գիտնականների կարծիքով՝ ավելորդ քաշը, շաքարի մետաբոլիզմի խնդիրները եւ արյունատար համակարգի աշխատանքի խախտումները փոխում են իմունիտետի աշխատանքը։ Դա օրգանիզմը դարձնում է ավելի ընկալունակ բորբոքումների եւ անոթներում թրոմբների ինքնաբուխ առաջացման հանդեպ։

Գիտնականներն ուսումնասիրել են UK Biobank-ի նախագծի շրջանակում հավաքված տվյալները։ Այդ նախագծին մասնակցել է մի քանի հարյուր հազար բրիտանացի կամավորական, որոնք համաձայնել են տալ իրենց ԴՆԹ-ն եւ համակողմանի բուժզննում անցնել, ինչպես նաեւ մշտապես դիտարկվել բժիշկների կողմից երկար տարիներ։ UK Biobank-ի մոտ 16 հազար մասնակից վարակվել է կորոնավիրուսով։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիպերտոնիկները մոտ 2,3 անգամ ավելի հաճախ են հիվանդացել COVID-19-ի ծանր ձեւերով, բայց դա գերազանցապես կապված է եղել այն բանի հետ, որ բարձր ճնշումը բնորոշ էր տարեց մարդկանց, դիաբետիկներին եւ քրոնիկական այլ հիվանդություններ ունեցող մարդանց։ Երբ գիտնականները հաշվի են առել բոլոր կողմնակի գործոնները, հայտնաբերել են, որ հիպերտոնիայի բոլոր ձեւերը բարձրացրել են COVID-19-ի ծանր ձեւերի առաջացման վտանգը մոտ 22 տոկոսով։

Ի հավելումն սրա՝ հետազոտողները հետեւել են, թե ինչպես է անոթներում ճնշման մակարդակն ազդել կորոնավիրուսով վարակման ժամանակ բարդությունների առաջացման հավանականության վրա։ Նրանց հաշվարկները ցույց են տվել, որ սիստոլիկ զարկերակային ճնշում (սնդիկի սյան 150-180 միլիմետր) ունեցող պացիենտները, ինչպես նաեւ էլ ավելի բարձր ճնշում ունեցող կամավորականները մոտ 91 եւ 93 տոկոսով ավելի հաճախ են հիվանդացել COVID-19-ի ծանր ձեւերով։

Leave A Reply

Your email address will not be published.