Երեւանում տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հետհաշվարկը. միջոցառման մթնոլորտն ու Մալենայի մաղթանաքը Հայաստանի այս տարվա պատվիրակ Նարեին (ֆոտո/վիդեո)

0

Երեւանում կայանալիք ամենասպասված իրադարձություններից մեկին՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին հաշված օրեր են մնացել։ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հյուսիսային պողոտայում մեկնարկեց դեկտեմբերի 11-ին կայանալիք մրցույթի հետհաշվարկը, որը տվեցին «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան եւ մրցույթում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Նարե Ղազարյանը։

https://www.instagram.com/reel/Ck0McGeOtNP/?utm_source=ig_web_copy_link

Արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը շնորհակալություն հայտնեց Մալենային համաեվրոպական այս մրցույթը Հայաստան բերելու համար. 
«Միջոցառմանը հետեւելու են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Սա իսկական տոն է մեր քաղաքի համար: Երեւանի քաղաքապետարանը առանձնահատուկ է պատրաստվում քաղաքի տոնական ձեւավորման ու լուսավորման ուղղությամբ: Այս տարի հենց «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցներն են վառելու հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը»,-իր խոսքում նշեց նա։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արդեն մեկնարկել են բեմի կառուցման աշխատանքները։ Երեւանում կայանալիք հոբելյանական մրցույթի շուրջ աշխատում է մեծ թիմ, ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից․

«Դեկտեմբերի 4-ին արդեն բոլոր պատվիրակությունները կլինեն Հայաստանում: Այսօրվակից սկսած մեկնարկում է մրցույթի հետհաշվարկը, մնացել է ընդամենը 30 օր, ժամանակը շատ քիչ է, ինչը վախեցնող է, միեւնույն ժամանակ՝ ոգեւորող, քանի որ շուտով քաղաքում կզգացվի եվրատեսիլյան շունչը: Ինչ վերաբերում է տոմսերին՝ գալիք շաբաթ արդեն կսկսվի վաճառքը։ Տոմսերը վաճառվելու են ինչպես դեկտեմբերի 10-ին կայանալիք ժյուրիի եթերի, այնպես էլ եզարափակիչ օրվա համար»,-հավելեց նա։

Միջոցառմանը ներկա էին նաեւ մրցույթի երկրպագուներից շատերը, որոնք եկել էին տեսնելու եւ լուսանկարվելու Մալենայի եւ Նարեի հետ։ Վերջինները եւս կսվեցին իրենց հույզերով․

«Ամեն բան անում եմ, որպեսզի Հայաստանը հնարավորինս լավ ներկայացնեմ մրցույթում, ու կարծում եմ՝ դա ինձ կհաջողվի, որովհետեւ աշխատում եմ բավական պրոֆեսիոնալ թիմի հետ»,-նշեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում մեր պատվիրակը։ 

Նախորդ տարվա մրցույթի հաղթող Մալենան Նարեին մաղթեց հաջողություն՝ ոչ միայն մրցույթի շրջանակում, եւ խորհուրդ տվեց բեմում լինել ինքնավստահ ու վայելել ելույթի յուրաքանչյուր վայրկյանը․

«Գիտեմ, թե որքան պատասխանատու է Հայաստանն այն մրցույթին ներկայացնելը: «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունն ինձ շատ մեծ փորձ է տվել. չեմ կարողանում հավատալ, որ, գրեթե, մեկ տարի անցել է այդ օրվանից, ասես՝ երեկ լիներ…»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում կներկայացնի իր նոր երգն ու տեսահոլովակը։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երեւանը մրցույթը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ․ առաջին անգամը 2011-ին էր՝ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակից հետո։ 

Leave A Reply

Your email address will not be published.