Էլթոն Ջոնը վիրտուալ համերգ կանցկացնի Roblox խաղում

0

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Roblox խաղում ստեղծել է իր վիրտուալ աշխարհը։ Այս մասին հայտնում է NME-ն։

Արտիստը ներկայացրել է իր աշխարհը՝ «Beyond the Yellow Brick Road»-ը։ Մակարդակը ներառում է ինտերակտիվ առաջադրանքներ՝ հիմնված Էլթոն Ջոնի հիթերի եւ վիկտորինայի վրա: Խաղում կներկայացվի նաեւ երեսվածքների հավաքածու՝ ոգեշնչված երգչի կերպարներով: Երկրպագուները կկարողանան իրենց ավատարի վրա փորձել ամբողջական հանդերձանք կամ առանձին իրեր Էլթոն Ջոնի զգեստապահարանից:

«Ես միշտ օգտագործել եմ իմ կերպարը, ակնոցն ու երաժշտությունը՝ արտահայտվելու համար, եւ Roblox-ն իսկապես խրախուսում է այդ ինքնադրսեւորումը: Հիմա իմ երկրպագուները կարող են անել նույնը, եւ դա հուզիչ է»,- կիսվել է կատարողը:

Վիրտուալ աշխարհում տեղի կունենա նաեւ Էլթոն Ջոնի 10 րոպեանոց համերգը, որտեղ կներկայացվեն արտիստի սիրելի ստեղծագործությունները: Ներկայացումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին եւ կկրկնվի յուրաքանչյուր ժամ մինչեւ նոյեմբերի 20-ը։

«Իմ կարիերայի յուրաքանչյուր փուլում ես միշտ ցանկացել եմ առաջ շարժվել եւ նայել ապագային: «Beyond the Yellow Brick Road»․ սա այդ ճանապարհի հաջորդ քայլն է», — ասել է երաժիշտը: Նա հավելել է, որ անհամբեր սպասում է երկրպագուների արձագանքին։

Leave A Reply

Your email address will not be published.