Այսօր Սրտի համաշխարհային օրն է

0

Այսօր Սրտի համաշխարհային օրն է:

 Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաեւ դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների վերաբերյալ, նախաձեռնել միջոցառումներ՝ ուղղված բնակչության բոլոր տարիքային խմբերում այդ հիվանդությունների կանխարգելման քարոզմանը: 

Սրտանոթային հիվանդությունները աշխարհում մահացության հիմնական պատճառն են։ Դրանք ամեն տարի խլում են 18.6 միլիոն մարդու կյանք: Այս մահերի 85%-ը պայմանավորված է սրտի իշեմիկ հիվանդությունով և ուղեղի անոթային հիվանդություններով:

2021 թվականի տվյալներով` Հայաստանի բնակչության յուրաքանչուր երկրորդ մահվան դեպքը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) (48.3%): Տղամարդկանց շրջանում սրտանոթային հիվանդություններից  վաղաժամ մահացության ցուցանիշը 2 անգամ բարձր է կանանց համեմատ։ Դա պայմանավորված է 45-69 տարիքային խմբի տղամարդկանց 60%-ի մոտ առկա ՍԱՀ-ի զարգացմանը նպաստող 3-ից 5 ռիսկային գործոններով (ծխախոտի օգտագործում, զարկերակային բարձր ճնշման առկայություն և դրա կարգավորման թերի վերահսկում, ֆիզիկական թերակտիվություն, անառողջ սննդակարգ, ավելցուկային քաշի և ճարպակալման առկայություն): 

Ամեն տարի ՀՀ բնակչության շրջանում գրանցվում է սրտանոթային հիվանդությունների շուրջ 52 հազար նոր դեպք։ Ընդհանուր առմամբ՝ պացիենտների թիվը կազմում է շուրջ 260 հազար, նշում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ 

Վերջին 30 տարվա ընթացքում ՍԱՀ-ի տարածվածության և մահացության ցուցանիշներն աճել են շուրջ 1.5 անգամ: Հիվանդացության և մահացության հիմնական պատճառներն են` սրտի իշեմիկ հիվանդությունները, մասնավորապես` սրտամկանի սուր ինֆարկտը, ուղեղանոթային հիվանդությունները, զարկերակային գերճնշումը:

Սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդացության ու մահացության ցուցանիշների բարելավումը և տնտեսական բեռի նվազեցումն առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից են: Այդ նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր և միջոցառումներ, մասնավորապես` 
1)    Սքրինինգային ծրագիր, որի շրջանակում 35-68 տարեկան բոլոր քաղաքացիներն առաջնային օղակում կարող են անվճար հետազոտվել: 
2020 թվականին իրականացվել է շուրջ 202.326 հետազոտություն, իսկ 2021 թվականին`  շուրջ 299.548 հետազոտություն:
2) Սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for Life) ծրագիր, որը վերանայվել և ընդլայնվել է 2018-2019թթ. ընթացքում, մասնավորապես` 2018թ. ինֆարկտ պատասխանատու կորոնար զարկերակի ստենտավորումը կատարվում է դեղապատ ստենտով, իսկ 2019թ. ծրագրում ներառվել են նաև սրտամկանի ինֆարկտի առանց ST-էլևացիայի դեպքերը, ինչպես նաև` արտոնյալ պայմաններով աորտա-կորոնար շունտավորումը: Այս կյանք փրկող ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ծրագրի մեկնարկից առայսօր մատուցվել է սրտի անհետաձգելի վիրահատական շուրջ 14.338 ծառայություն (2015թ. մինչև 2022-ի հուլիսը ներառյալ):
3) Գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիր, որն իրականացվում էր Երևանի 2 բժշկական հաստատությունում, 2021 թվականի նոյեմբերից` նաև Գյումրու բժշկական կենտրոնում: Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում սպասարկվել է շուրջ 1.531 պացիենտ (2019թ. մինչև 2022թ. հուլիսը ներառյալ):

Կարևորելով ոլորտի զարգացման և բարելավման անհրաժեշտությունը` 2022 թվականի փետրվարին ստեղծվել է Սիրտ-անոթային հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհուրդ, որի կազմում ընդգրկված են Հայաստանի լավագույն մասնագետները: 

Leave A Reply

Your email address will not be published.