Ինչո՞ւ երեխաները եւ դեռահասները պետք է տանը նախաճաշեն
Ինչո՞ւ երեխաները եւ դեռահասները պետք է տանը նախաճաշեն
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ կարեւոր է ոչ միայն նախաճաշելը, այլեւ այն, թե որտեղ են երիտասարդները նախաճաշում եւ ինչ են ուտում»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Խոսե Ֆրանցիսկո Լոպես-Գիլը՝ Կուենկայի Կաստիլիա-Լա Մանչի համալսարանից՝ Իսպանիա:- Տնից դուրս նախաճաշելը կամ ուտելը կապված է երեխաների եւ դեռահասների մոտ հոգեսոցիալական վարքային խնդիրների առաջացման հավանականության հետ: Համանման կերպով, որոշ մթերքների/խմիչքների օգտագործումը կապված է հոգեսոցիալական վարքագծային խնդիրներ ունենալու ավելի բարձր (օրինակ՝ վերամշակված միս) կամ ավելի ցածր (օրինակ՝ կաթնամթերք, հացահատիկային սնունդ) հավանականության հետ»:
Այս հետազոտության ընթացքում Լոպես-Գիլը եւ համահեղինակները վերլուծել են 2017 թ. Իսպանիայում Առողջապահության ազգային հետազոտության տվյալները: Այդ հարցումը հարցաթերթիկներ է ներառել ինչպես նախաճաշային սովորությունների, այնպես էլ երեխաների հոգեսոցիալական առողջության վերաբերյալ, որոնք այնպիսի հատկանիշներ են ներառում, ինչպիսիք են ինքնագնահատականը, տրամադրությունը եւ անհանգստությունը: Հարցաթերթիկները լրացվել են երեխաների ծնողների կամ խնամակալների կողմից, իսկ արդյունքներն ընդգրկել են Իսպանիայի՝ 4-ից 14 տարեկան 3772 բնակչի։
Առավել կարեւոր արդյունքների թվում Լոպես-Գիլը եւ նրա գործընկերները նշել են, որ դրսում նախաճաշելը գրեթե նույնքան վատ է, որքան սննդընդունումն ամբողջությամբ բաց թողնելը: Հեղինակները ենթադրում են, որ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ դրսի սնոււնդը պակաս սննդարար է, քան տանը պատրաստված սնունդը:
Արդյունքները նաեւ ցույց են տվել, որ սուրճը, կաթը, թեյը, շոկոլադը, կակաոն, մածունը, հացը, տոստը, հացահատիկը եւ հացաբուլկեղենը կապված են վարքագծային խնդիրների ավելի ցածր հավանականության հետ: Զարմանալիորեն, ձուն, պանիրը եւ խոզապուխտը կապված են այս խնդիրների առաջացման բարձր ռիսկի հետ: