«Սիրում եմ հայերին․ Հայաստանում ինձ տանն եմ զգում»․ «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր, օսկարակիր սցենարիստ Թերի Ջորջ
Օսկարակիր սցենարիստ եւ ճանաչված ռեժիսոր Թերի Ջորջը, որը հայտնի է նաեւ Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմով, այս շրջանում Հայաստանում է։ Ռեժիսորը գլխավորում է Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը։ Սա Թերի Ջորջի երրորդ այցն է Հայաստան․
«Առաջին անգամ Երեւանում եղել եմ «Խոստումը» ֆիլմի նկարահանումներին ընդառաջ, այնուհետեւ՝ պրեմիերային մասնակցելու համար, եւ հիմա ուրախ եմ, որ վերադարձել եմ եւ մասնակցում եմ այս հրաշալի փառատոնին»,-նշեց ռեժիսորը՝ հավելելով, որ առայժմ միայն մեկ ֆիլմ է հասցրել դիտել, դեռ 11-ը պետք է դիտի, բայց արդեն վստահ է, թե ինչ սկզբունքով է ընտրելու լավագույններին․
«Անհամբերությամբ սպասում եմ, որ դիտեմ բոլոր ֆիլմերը, ի դեպ, ցուցադրվելու են նաեւ իմ ֆիլմերից մի քանիսը՝ «Հոթել Ռուանդան», «Մի քանի մայրերի տղան» ու «Ափը»: Ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել այս ֆիլմերը ցուցադրել նաեւ Հայաստանում՝ հայ հանդիսատեսի համար։ Ինչ վերաբերում է իմ նախապատվությանը, կարծում եմ՝ փառատոնում ընդգրկված են անկախ ֆիլմեր, եւ ես, հատկապես, սպասում եմ տեսնել աշխատանքներ, որտեղ ընդգծված է մարդասիրությունը, որոնք ունեն պատմություն։ Ըստ իս՝ մեր օրերում շատ են, այսպես ասած, մարվելյան ֆիլմերը, որոնք չունեն պատմություն»,-ասաց նա։
NEWS.am STYLE-ը ռեժիսորից հետաքրքրվեց, թե, առհասարակ, ինչպես է զգում Հայաստանում ու, հատկապես, ինչն է հավանում այստեղ․
«Ինձ այստեղ ամենից շատ մարդիկ են դուր գալիս, սիրում եմ նաեւ ուտելիքն ու եղանակը։ Ճիշտն ասած՝ սպասում էի, որ խոնավ եղանակի կհանդիպեմ, բայց ամեն ինչ հրաշալի է։ Գիտե՞ք, կարծում եմ՝ հայերն ու իռլանդացիները որոշակի նմանություն ունեն, դա է պատճառը, որ Հայաստանում ինձ տանն եմ զգում։ Մենք նույն ոգին ունենք։ Իսկապես սիրում եմ Հայաստանը»,-պատասխանեց նա։