Ո՞ր ըմպելիքներն են բարձրացնում հաստ աղիի քաղցկեղից մահվան հավանականությունը
Շաքարի բարձր պարունակությամբ ոչ ալկոհոլային ընպելիքները լավ ընտրություն չեն, երբ խոսքը վերաբերում է մեր առողջությանը։ Դրանք կարող են բացասաբար ազդել սրտի առողջության վրա, քայքայել ատամները, անգամ բացասական ազդեցություն ունենալ պտղաբերության վրա եւ այլն։
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցր ըմպելիքները կարող են բարձրացնել նաեւ հաստ աղիի քաղցկեղից մահանալու հավանականությունը։
American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված հետազոտությունում Հարվարդի Տ.Չանի անվան հանրային առողջապահության դպրոցի եւ այլ հաստատությունների գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 120 000 մասնակցից բաղկացած երկու խմբերի ԱՄՆ-ում։ Նրանք համեմատել են կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացության եւ այդ հիվանդությունից մահացության տեղեկությունների տվյալներն այն մասին, թե որքան մասնակից է օգտագործել քաղցր ըմպելիքներ եւ որքան ֆրուկտոզա է եղել նրանց սննդաբաժնում։
«Քաղցրացված ըմպելիքների օգտագործումը եւ ընդհանուր ֆրուկտոզայի քանակը կապվել են հաստ աղիի պրոքսիմալ հատվածի քաղցկեղով հիվանդանալու եւ դրանից մահացության ավելացման հետ՝ հատկապես ուռուցքի ձեւավորման ուշ փուլերում»,- գրել են հետազոտության հեղինակները։
Չնայած հետազոտողները նշել են, որ անհրաժեշտ են հետագա երկարատեւ հետազոտություններ, շաքարի մեծ քանակություն պարունակող ոչ ալկոհոլային ըմպելիքները նպաստում են կոլոռեկտորալ քաղցկեղի ուռուցքի առաջացմանը։
Չարժե, որ անհանգստանաք այն առիթով, որ մանուկ հասակում գազավորված ըմպելիքներ եք խմել, իսկ մեծանալուց հետո ավելի հազվադեպ եք դրանք օգտագործում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդության առաջացման հավանականությունը կապված է վերջին 10 տարում այդ ըմպելիքների օգտագործման հետ, իսկ անցյալում դրանց օգտագործումը՝ ոչ։ Այնուամենայնիվ, եթե ամեն օր գազավորված ըմպելիք եք խմում, արժե, որ մտածեք դրա օգտագործումը կրճատելու մասին։