Ռուսաստանի թիմը լեգենդար Ալեքսեյ Միշինի ղեկավարությամբ մարզվում է Երեւանում (ֆոտո, վիդեո)
Երեւանն այս օրերին հյուրընկալել է գեղասահքի աստղերի: Ռուս լեգենդար մարզիչ, նախկին գեղասահորդ, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ալեքսեյ Միշինը, որը բազմաթիվ Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի մեդալակիրների մարզիչ է, մայիսի 1-ից Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում ուսումնամարզական հավաք է անցկացնում իր սաների հետ:
Նրա գլխավորությամբ երեւանյան հավաքին մասնակցում են մենասահքի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշեւան, Փհենչան-2018-ի ձեմռային Օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան եւ Ռուսաստանի հավաքականի այլ անդամներ:
NEWS.am Sport-ի թղթակիցը հետեւել է երեւանյան մարզումներից մեկին:
Մարզումները մեկնարկում են ամեն օր 9:30-ից եւ շարունակվում մինչեւ 12:30-ը: Այդ ընթացքում Ալեքսեյ Միշինն իր թիմի հետ համատեղ մարզումներ է անցկացնում հայ գեղասահորդների տարբեր տարիքային խմբերի հետ: 13:30-ից մեկնարկում է ռուս գեղասահորդների մարզումները, որին հետեւում են բոլորը, երբեմն նաեւ համատեղ մարզվելու հնարավորություն են ունենում հայ երեխաները:
Հետաքրքիր ու ջերմ մթնոլորտում է անցնում ռուս գեղասահորդների, օլիմպիական մեդալակրի, Եվրոպայի, աշխարհի չեմպիոնների մարզումները: Հայաստանում Ելիզավետա Տուկտամիշեւան աշխատում է քառակի տուլուպի վրա, Միխայիլ Կոլյադան էլ պարային նոր համարի վրա է աշխատում: Մեկ ժամվա ընթացքում միաժամանակ սառույցի վրա կարելի է տեսնել ռուս գեղասահորդների փայլուն ցատկերը՝ եռակի ակսելներ, քառակի տուլուպներ, կասկադներ, կատարելագորված պտույտներ:
Իսկ այդ ամենին հետեւում եւ խորհուրդներ է տալիս լեգենդար մարզիչը՝ չմոռանալով յուրաքանչյուր խոսքը համեմել հումորով եւ հաճելի մթնոլորտ ստեղծել իր սաների համար սառույցի վրա: Նա նաեւ կատակում է իրեն հետեւող հայ մարզիչների հետ, հասցնում այդ ընթացքում մտքերով փոխանակվել նրանց հետ:
Նշենք, որ մայիսի 5-ին Ելիզավետա Տուկտամիշեւան վերջին մարզումն էր անում Երեւանում: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտեց երեւանյան հավաքը եւ վերադառնում է Ռուսաստան: Վերջին մարզման օրը բազմաթիվ փորձերից հետո Տուկտամիշեւան հաջողությամբ կատարեց քառակի տուլուպը: Նրա կատարյալ ցատկը ծափերով ընդունվեց սահադաշտում մարզումներ անցնող եւ մարզումներին հետեւողների կողմից: Ալեքսեյ Միշինն այդ ընթացքում տեսանկարահանում էր սանի ցատկը: 81-ամյա մասնագետին եւս շատ ուրախացրեց Ելիզավետայի գրագետ եւ կատարյալ ցատկը: Ստացված ցատկից հետո ռուս մարզուհին ուրախությունից գրկեց իր մարզիչին, ի պատասխան դրան Ալեքսեյ Միշինը համբուրեց իր սանի ձեռքը:
Ռուս գեղասահորդները մարզումներից բացի նաեւ այցելել են Հայաստանի գեղատեսիլ վայրեր: Նրանց եղել են Ծաղկաձորում, Սեւանում, համտեսել հայկական ավանդական ուտեստներ: