ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ղեկավարը՝ Իսպանիա կատարած այցի մանրամասների մասին

0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները վերջերս այցելել էին Իսպանիա, որտեղ բացի մասնագիտական վերապատրաստումից, նաև ծանոթացել էին մի շարք ակումբների ենթակառուցվածքներին և նյութատեխնիկական հնարավորություններին:

ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը ներկայացրել է այցի մանրամասները, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

«Իսպանիա մեկնելու նախաձեռնությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային էր: Հաշվի առնելով՝ որքան զարգացած է բժշկական ծառայությունների ոլորտն Իսպանիայում, մեր բժիշկների համար շատ կարևոր էր տեղում ծանոթանալ ինչպես տարբեր գործընթացներին, այնպես էլ ենթակառուցվածքներին: Մեզ մեծ աջակցություն ցուցաբերեց Հայաստանի ազգային հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը, ով ամբողջ ընթացքում ուղեկցում էր մեզ: Հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն ևս նպաստեց մի շարք հանդիպումների կայացմանը: Նրանց շնորհիվ մենք կարողացանք այցելել ինչպես մի շարք բժշկական հաստատություններ, այնպես էլ մարզական տարբեր ակումբներ:

Պաբլո Լյանեսը և Խավիեր Մինյանոն շատ ճանաչված և հարգված են Մադրիդում: Նրանց անմիջական ջանքերով մենք հանդիպեցինք իսպանացի լեգենդար մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին, որի հետ քննարկեցինք ամենաբարձր մակարդակի թիմերում բժշկական ծառայության դերն ու նշանակությունը: Խավիեր Մինյանոյի հետ ևս քննարկեցինք մի շարք կարևոր հարցեր, որոնք գլխավորապես վերաբերում են ազգային և մյուս հավաքականներում որդեգրված բժշակական քաղաքականությանը, ֆուտբոլիստների բժշկական պահանջմունքների բավարարման մեխանիզմներին: Հանդիպեցինք նաև Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանին, ով պատրաստակամություն հայտնեց հետագայում աջակցելու համատեղ իրականացվող ծրագրերին։

Մենք այցելեցինք Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, որտեղ հանդիպեցինք ակումբի բժշկական ծառայության ղեկավար Նիկո Միհիչի հետ: Համաձայնություն ձեռք բերվեց շարունակական համագործակցության և համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:   

Այցելեցինք Իսպանիայի Օլիմպիական կոմիտե, ինչպես նաև Մադրիդի «Ատլետիկոյի» մարզաբազա: Երկու տեղերում էլ պայմանավորվեցինք միմյանց փորձառությանը ծանոթանալու նպատակով իրականացնել բժիշկների ճանաչողական այցեր:

Շատ հագեցած էր այցելությունը Վիրաբուժության սիմուլյացիայի կենտրոն, որտեղ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք իրականացնել մարզական վերականգնողական թիրախավորված ծրագրեր:

Մասնակցեցինք նաև վնասվածքաբանների և սպորտային բժիշկների համար նախատեսված կոնֆերանսի, որը նվիրված էր  նյարդամկանային սինապսի վնասվածքների արդյունքում մարզիկների վերականգնմանը:

Մասնակցեցինք Սան Ռաֆայել կլինիկայում կազմակերպված ներկայացուչական կոնֆերանսին,  որին հաջորդեց շրջայցը Սան Ռաֆայել մասնավոր բժշկական կենտրոնում: Այս կլինիկայում տարվող աշխատանքները մեզ համար կարևոր էր, քանի որ հենց այս հաստատությունում են պարբերաբար բուժում ստանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները»:   

Leave A Reply

Your email address will not be published.