Պահպանել եւ հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը․ իր գործունեությունն է սկսում «Հայկո Հակոբյան» հիմնադրամը
Իր գործունեությունն է սկսում «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը», որի գլխավոր նպատակն է պահպանել եւ հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը, հայտնում է հիմնադրամը։ Հիմնադրամի նախագահը երգչի եղբայրն է՝ Վահե Հակոբյանը։
Հիմնադրամը նախատեսում է մշակութային եւ կրթական ծրագրեր։ Առաջին մեծ ծրագիրը Հայկոյին նվիրված համերգների շարքն է, որը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին Երեւանում, ապա Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբեր ամսին։
Հիմնադրամը նաեւ ծրագրում է ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» HAYKO MUSIC FEST ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը։
Հիմնադրամը ցանկանում է ստեղծել երաժշտական գրականություն՝ նոտագրելով Հայկոյի ստեղծագործությունները։ Հիմնադրամը կունենա նաեւ կրթական ծրագրեր եւ կրթաթոշակներ։
Հայկոյի հիսնամյակին ընդառաջ կստեղծվեն գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր Հայկո կոմպոզիտորի եւ նրա ստեղծագործական կյանքի մասին։
Հայկոյի երգերի հիման վրա կստեղծվի երաժշտական ներկայացում, որը կունենա իր խաղցանկային գրաֆիկը։