Օմիկրոնով վարակված 3 երեխա վերակենդանացման բաժանմունքում է, 190 երեխա հոսպիտալացված է. մասնագետ
Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված 3 երեխա վերակենդանացման բաժանմունքում է, 190 երեխա հոսպիտալացված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՆ խորհրդատու մանկաբուժության գծով Սերգեյ Սարգսյանը:
Նրա խոսքով, հունվար-փետրվարին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում մինչեւ 18 տարեկան երեխաների շրջանում քովիդի 39 189 դեպք էր գրանցվել, որոնք հաստատվել էին ՊՇՌ եւ արագ թեստերով: Հաջորդ երկու շաբաթների ընթացքում դեպքերի թիվը մի փոքր նվազել էր:
Մասնագետը հիշեցրեց, որ օմիկրոնը ավելի հաճախ է ախտահարում երեխաներին եւ հիմնականում առաջացնում է վերին շնչուղիների ախտահարումներ՝ ռինիտներ, նազոֆարինգիտ, հազ եւ այլ ախտանիշներ:
Երբեմն օմիկրոնով վարակված երեխաների մոտ այսպես կոչված «կռուպ» էր զարգանում, որը դժվար էր կառավարվում: Հաճախ էին զարգանում նաեւ բռոնխիտներ, աղեստսամոքսային խանգարումներ, ցան, որոշ դեպքերում՝ նաեւ մենինգիտ:
Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսի այս շտամը երեխաների մոտ ավելի հաճախ շնչուղիների վերին հատվածներում էր «կենտրոնանում», չէր հասնում թոքեր, այդ իսկ պատճառով, թոքաբորբերի դեպքերը շատ չեն:
Սակայն, մասնագետի խոսքով, շատ կարեւոր է պարզել, թե երեխաների վրա այս վիրուսը ինչ երկարատեւ ազդեցություն է ունենում: Կա կարծիք, որ ապաքինվելուց հետո երեխաների մոտ կարող են հաճախանալ վիրուսային այլ վարակները: